Աղավնոյում ևս 20 առանձնատուն կկառուցվի

Աղավնոյում ևս 20 առանձնատուն կկառուցվի

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը Լիբանանում մասնակցել է «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության տարեկան ժողովին: Ժողովի մասնակիցներն ամփոփել են Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի բնակարանաշինության առաջին փուլի արդյունքները:

Աղավնո համայնքի «Արիավան» թաղամասում նախատեսված 150 առանձնատներից 50-ն արդեն շահագործման է հանձնվել:

Աղավնոյի բնակարանաշինության 2-րդ փուլի համար ԱՐԻ ընկերության տնօրենների խորհրդի կողմից նախապես կայացրած 5 առանձնատների կառուցման որոշումը փոխվել է, երբ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի կառավարությունն իր մասնակցությունն է ունենալու կառուցմանը: Արդյունքում, նոր որոշում է ընդունվել կառուցել 20 առանձնատուն:

Ժողովի ավարտին ծրագիրն իրենց ստորագրությամբ վավերացրել են պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱՐԻ ընկերության նախագահ Սուրեն Սարգսյանը և «Արցախ ֆոնդ» կազմակերպության ատենապետ Մելքոն Հակոբյանը:

Պետական նախարարը ժողովում ունեցած ելույթում նշել է, որ անցած 9 տարիների ընթացքում ԱՐԻ-ի ծրագրերը մեծապես նպաստել են Արցախի տնտեսության զարգացմանը: Հարությունյանի խոսքով՝ հայրենիքի շենացման ու զարգացման համար շատ կարևոր է ներդրումների ապահովումը, և, այդ առումով, ԱՐԻ-ի գործունեությունն օրինակելի է, հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ԱՀ պետնախարարն իր խոսքում անդրադարձել է նաև վերջին տարիներին Արցախում արձանագրված տնտեսական հաջողություններին: Նա նշել է, որ 2017-ն ամփոփվել է 15.6 տոկոս տնտեսական աճով, որը նորանկախ Արցախի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Այս հարցում Հարությունյանը կարևորել է նաև ԱՐԻ-ի ունեցած ներդրումը և հույս է հայտնել, որ հետայսու ևս այն իր ծանրակշիռ մասնակցությունն է ունենալու Արցախի տնտեսության զարգացման և բնակչության կյանքի որակի բարելավման գործում:

ԱՐԻ ընկերության տարեկան ժողովին մասնակցում էր նաև Մերձավոր Արեւելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը:

ԱՀ պետական նախարար Հարությունյանը մարտի 13-ին Բեյրութից աշխատանքային այցով մեկնել է Ավստրալիա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---