Լոռու մարզպետարանում պետբյուջեից ավելի քան 8 մլն դրամ են յուրացրել. Քրգործ է հարուցվել

Լոռու մարզպետարանում պետբյուջեից ավելի քան 8 մլն դրամ են յուրացրել. Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութի գնման պետական աջակցության ծրագրի իրականացման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզպետարանի կողմից նախկին Միխայելովկա համայնքի (ներկայումս մաս է կազմում Մեծավան խոշորացված համայնքի) ղեկավարին հանձնվել է պարարտանյութ, որի դիմաց վերջինս 8.274 մլն դրամի վճարում չի կատարել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:

Լոռու մարզպետարանը նշված գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել ընդդեմ համայնքի ղեկավարի, որը մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է:

Դատական ակտը ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 27-ին, սակայն մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել օրենքով սահմանված ժամկետներում և կարգով կատարողական թերթ ստանալու և ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու ուղղությամբ՝ բաց թողնելով դատական ակտի կատարման հնարավորությունը:

Հետագայում մարզպետարանից պարտքը ներկայացվել է և ՀՀ կառավարության 07.12.2017թ. թիվ 1585-Ն որոշմամբ ամբողջությամբ զիջվել է որպես համայնքի պարտավորություն: Մարզպետարանի պաշտոնատար անձանց վարքագծի՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառվել է 8 մլն դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---