Վանաձորում կարկտապաշտպան ցանցերի գործարան է կառուցվում

Վանաձորում կարկտապաշտպան ցանցերի գործարան է կառուցվում

PanARMENIAN.Net - Վանաձորում կարկտապաշտպան ցանցերի գործարան է կառուցվում: Գործարանը կառուցում է CARMAC Group իտալական ընկերությունը «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Վանաձորի քաղաքապետարանում մասնակցել է իտալական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հանդիպմանը ներկա էր նաև Լոռու մարզից ընտրված ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նախարարը աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ:

Նախարարն այցելել է շինհրապարակ, որտեղ ընթանում են գործարանի կառուցման աշխատանքները: «Վաբա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Ղարաչյանը նշել է, որ կարկտապաշտպան ցանցերի արտադրությունն ընթանալու է փուլային տարբերակով, բոլոր սարքավորումները և հումքի մի մասը ներկրվելու են Իտալիայից: Արմեն Ղարաչյանի կարծիքով` իրենց արտադրանքը մրցունակ կլինի և տեղական շուկայում կունենա պահանջարկ, քանի որ հիմնական հարակից դետալները պատրաստվելու են տեղում և ցանցերի գինը համեմատաբար մատչելի է լինելու, ցանցերի օգտագործման ժամկետը կկազմի առնվազն 10-15 տարի:

CARMAC Group ընկերության գործադիր տնօրեն Անդրեա Կարապետյանը վստահություն է հայտնել, որ այս նախագծի իրականացումը կնպաստի մարզի գյուղացիական տնտեսությունների սոցիալական պայմանների բարելավմանը, քանի որ թույլ կտա պաշտպանել իրենց բերքը բնական աղետներից: Նրա խոսքով` բացի տեղական շուկայում իրացումից, ընկերությունը հետագայում քայլեր կձեռնարկի արտահանման ուղղությամբ:

«Ի սկզբանե մեր նպատակն էր մատչելի գնով կարկտապաշտպան ցանցեր առաջարկել մեր ֆերմերներին: Ծրագրի մասին հայտարարել ենք, եկել է ներդրողը և շատ մեծ հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք կարկտապաշտպան ցանցերի հայկական արտադրանք»,-նշել է նախարար Առաքելյանը, հայտնում է գյուղնախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարի խոսքով` նախատեսվում է 3 տեսակի ցանց արտադրել` խաղողի այգիների, ինտեսիվ, ինչպես նաև ավանդական այգիների համար, որոնց դեպքում այն ավելի մատչելի կլինի, քանի որ երկաթբետոնյա սյուներ չեն կիրառվում:

Անդրադառնալով կարկտապաշտպան ցանցերի գործարանի կառուցմանը` մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդգծել է, որ եզակի հնարավորություն է ստեղծվում այգեգործների համար արդյունավետ պաշտպանել իրենց այգիները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---