ՀՀ և Մալթայի ուխտի միջև հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն

ՀՀ և Մալթայի ուխտի միջև հարաբերությունները զարգացման մեծ ներուժ 
ունեն

PanARMENIAN.Net - Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ: Այդ մասին ասվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահ ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հանդիպմանը:

Հանդիպումը հաջորդել է Հայաստանի և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Մալթայի Մարտական Ուխտում Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերվող ընդունելության համար և ջերմությամբ հիշել Մալթայի Ուխտի Մեծ վարպետի անդրանիկ այցը Հայաստան, որը նախագահ Սարգսյանը համարել է Հայաստանի և Մալթայի ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ նշանակալի իրադարձություն: Այն, նախագահի գնահատմամբ, նոր էջ է բացել բարեկամական ոգով զարգացող երկկողմ համագործակցության առավել խորացման և ընդլայնման համար, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության նախագահն ու Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահը երկուստեք ընդգծել են, որ երկխոսության նման դինամիկայի շարունակականությունը թույլ կտա ապագայում առավել արդյունավետ օգտագործել այդ ներուժը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում Հայաստանի և Մալթայի ուխտի միջև համագործակցությանը՝ բարձր գնահատելով ստորագրված համագործակցության համաձայնագիրը:

Հանդիպման ավարտին նախագահը գրառում է կատարել Մալթայի Ինքնիշխան մարտական ուխտի պատվավոր հյուրերի գրքում.«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել հնագույն հոգևոր Ուխտի Հռոմի Վարպետաց առանձնատանը: Երախտապարտ եմ ցուցաբերված ջերմ՝ բարեկամական ընդունելության համար:Մեր կապերը, որ սերում են պատմությունից, լի են փոխադարձ հարգանքի ու միմյանց սատարելու բազմաթիվ դրսևորումներով։ Վստահ եմ, որ նույն ոգով մենք շարունակելու ենք առավել սերտացնել ու հարստացնել ՀՀ և Մալթայի Ինքնիշխան մարտական ուխտի հարաբերությունները՝ ի շաh բոլորիս։

Մալթայի Ուխտի ղեկավարությանը, անդամներին և հազարավոր կամավորականներին մաղթում եմ ամենայն հաջողություն աշխարհի չորս կողմերում հավատքը պաշտպանելու և կարիքավորներին աջակցելու իրենց պատմական առաքելության մեջ»,- գրել է Սերժ Սարգսյանը:

Ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության, Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ժամանակ նախագահը և Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով` անդրադարձել հայերի և Մալթայի Ուխտի պատմական առնչություններին և ձևավորված բարեկամությանը:

Վատիկան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված աստվածաշնորհ սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---