«Բլոկչեյն ՌԴ-2018»-ում ներկայացվել է բլոկչեյնի համար ՀՀ բարենպաստ միջավայրը

«Բլոկչեյն ՌԴ-2018»-ում ներկայացվել է բլոկչեյնի համար ՀՀ բարենպաստ միջավայրը

PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացած միջազգային «Բլոկչեյն ՌԴ-2018» կոնգրեսում Հայաստանը ներկայացել է Եվրասիական միության միասնական բլոկչեյն հարթակի ստեղծման և մի շարք այլ հեռանկարային առաջարկներով:

Կոնգրեսն անցկացվել է մարտի 27-28-ին:

Տարածաշրջանում մասշտաբներով ամենամեծ այս կոնգրեսին, որին մասնակցել է 2000-ից ավելի մասնագետ, ներկայացվել են Հայաստանի գործարար միջավայրի բարենպաստ պայմանները և կնքվել հուշագրեր Ռուսաստանի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Ղազախստանի, և այլ երկրների առաջատար ընկերությունների և կազմակերպությունների հետ:

«Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիաներով նախագծեր իրականացնելու հնարավորությունները գրավեցին կոնգրեսի մասնակից մի շարք խոշոր ընկերությունների ու կազմակերպությունների: Նրանք համաձայնություն հայտնեցին մասնակցելու հունիսին Երևանում կայանալիք միջազգային բլոկչեյն կոնֆերանսին՝ կազմակերպված Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի կողմից: Վերջինս առիթ կհանդիսանա միջազգային գործընկերների համար բարենպաստ գործարար միջավայրին և պայմաններին տեղում ծանոթանալու և նոր համագործակցություններ սկսելու համար»,- նշել է կոնգրեսում Հայաստանի ներկայացուցիչ, Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի համահիմնադիր Վիգեն Առուշանյանը:

Երկօրյա կոնգրեսի շրջանակում քննարկվել են նաև բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման մեթոդներն ու հեռանկարները թվային տնտեսության, օրենսդրական կարգավորումների, ներդրումային տնտեսության և անվտանգության բնագավառներում: Երևանում կայանալիք միջազգային կոնֆերանսը կդառնա հաջորդ առիթը նոր քննարկումների, համագործակցությունների և լայնամասշտաբ նախաձեռնությունների իրագործման համար, ասվում է Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հաղորդագրության մեջ:

Բլոկչեյնի հայկական ասոցիացիան ոչ առևտրային նախաձեռնություն է՝ միտված օժանդակելու կազմակերպություններին, պետական և այլ մարմիններին` բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման համահայկական ծրագրի ստեղծման և իրագործման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---