Փաշինյանը պատռել է հավաքը ցրելու մասին ոստիկանության ծանուցումը

Փաշինյանը պատռել է հավաքը ցրելու մասին ոստիկանության ծանուցումը

PanARMENIAN.Net - Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանն ասպրիլի 17-ի առավոտյան «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին է հանձնել Ֆրանսիայի հրապարակում հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պաշտոնական ծանուցումը, որը կազմված է «Հավաքների մասին» օրենքի դրույթներին համապատասխան:

Նիկոլ Փաշինյանը պատռել է Օսիպյանի հանձնած ծանուցումը: «Հայաստանում սկսվել է տոտալ անհնազանդություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանությունը նախազգուշացրել է հավաքի կազմակերպիչներին չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից:

«2018-ի ապրիլի 13-ից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հավաքը իրականացվել է Երևանի ճանապարհները դիտավորությամբ փակելու, կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու, կենսական նշանակության տրանսպորտային հանգույցները շրջափակելու և տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար անելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, վերջիններիս նկատմամբ բռնի գործողություններ կատարելով զանգվածային անկարգությունների դրսևորումներով: Հավաքի կազմակերպիչները պարբերաբար կոչեր են հնչեցնում պատգամավորների մուտքը Ազգային ժողով արգելելու և Ազգային ժողովի շենքը շրջափակելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ մարդկանց իրավունքների ապօրինի սահմանափակումները և հասարակական կարգը խախտող խմբային գործողությունները կրել են շարունակական բնույթ, ՀՀ ոստիկանությունը շուրջ 3 օր սահմանափակվել է բացառապես հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին բանավոր նախազգուշացումներ տալով և պահանջներ ներկայացնելով, որոնք, սակայն, ամբողջությամբ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Ոստիկանությունը հավաքի ազատության իրավունքին միջամտող այլ գործողություններ չի կատարել, քանի որ հավաքը հիմնականում կրել է խաղաղ բնույթ: Հավաքը որոշակի ժամանակահատված դադարել է խաղաղ լինելուց, հատկապես, երբ ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին ուղղորդել է դեպի Բաղրամյան պողոտա՝ փորձելով ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանական պատնեշը: Հրահրված բախումների արդյունքում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց արդյունքում վնաս է պատճառվել անձանց առողջությանը, հանրային սեփականություն հանդիսացող գույքին»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ոստիկանության նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:

Նշվում է, որ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանությունը հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի։

Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ընդդիմությունը փորձելու է շրջափակել Ազգային ժողովի բոլոր մուտքերն ու ելքերը մինչև ժամը 12։00-ն․ այդ ժամին խորհրդարանը քվեարկությամբ ընտրելու է վարչապետին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---