Թրամփ. Հիշում ենք Մեծ եղեռնը

Թրամփ. Հիշում ենք Մեծ եղեռնը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ամենամյա ուղերձով։

«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի առավել սարսափելի դաժանություններից մեկը, որի ընթացքում Օսմանյան Կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր ենթարկվել են կոտորածի, արտաքսվել և իրենց մահկանացուն կնքել անապատում», - ասված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այսօր տարածված հայտարարության մեջ:

«Մենք հիշում ենք 1915 թվականի սարսափելի իրադարձությունները և ցավում կորսված կյանքերի համար», - նշում է Միացյալ Նահանգների նախագահը՝ խուսափելով Մեծ Եղեռնը Ցեղասպանություն անվանելուց, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Դոնալդ Թրամփը նաև կոչ է անում հիշել այն խիզախ անձանց, ովքեր Մեծ Եղեռնի տարիներին մարդկանց կյանքեր են փրկել, տուժածներին օգնություն տրամադրել: Նրանց թվում է Օսմանյան կայսրությունում այն տարիներին ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, ով ամեն կերպ փորձում էր կանգնեցնել Եղեռնը։ Նրանց թվում է նաև հայ ժողովրդին օգնություն տրամադրած Մերձակա Արևելքի օգնության կազմակերպությունը։

«Մենք խորը հարգանքով ենք հիշում հայ ժողովրդի տոկունությունը, մարդիկ, որոնցից շատերը նոր կյանք են կառուցել Միացյալ Նահանգներում և հսկայական ներդրում ունեցել մեր երկրի կառուցման մեջ», - նշված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ:

Հիշելով տուժածներին՝ մենք նաև վերահաստանում ենք վայրագությունների կրկնումն ապագայում թույլ չտալու մեր պատրաստակամությունը, ընդգծում է Դոնալդ Թրամփն իր հայտարարության մեջ: «Ընդգծում ենք, որ անցյալի ցավոտ դրվագների ընդունումն ու ճանաչումն առավել հանդուրժող ապագա ստեղծելու անհրաժեշտ քայլերն են: Այսօր մենք կանգնած ենք աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողքին՝ հարգելով զոհերի հիշատակը և հայտնելով միասնաբար աշխատելու պատրաստակամություն՝ առավել լավ ապագա կառուցելու համար», - ասված է հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները՝ Ամերիկայի Հայկական համագումարն ու Հայ Դատի հանձնախումբը քննադատության են ենթարկել հայտարարության մեջ «ցեղասպանություն» եզրը չօգտագործելու նախագահ Թրամփի որոշումը՝ այդ քայլը համարելով կորսված հնարավորություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---