Քաթարի և Չինաստանի գործարարները հետաքրքրված են ՀՀ էներգետիկ ոլորտով

Քաթարի և Չինաստանի գործարարները հետաքրքրված են ՀՀ էներգետիկ ոլորտով

PanARMENIAN.Net - Քաթարի և Չինաստանի գործարարները հետաքրքրված են ՀՀ էներգետիկ ոլորտով: Այդ մասին հայտնել են Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարներ, Redco International W.L.L. ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սաիֆ-Ուր-Ռեհման Խանը և PowerChina միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպմանը:

Աշոտ Մանուկյանը կարևորել է գործարարների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ չինական ընկերությունների հետ արդեն իսկ կա արդյունավետ փոխգործակցություն։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է մինչև 2036թ. Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը և համագործակցության զարգացման համատեքստում անդրադարձել, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումային գրավչություն ունեցող նախագծերին։ Ընդգծելով, որ այդ նախագծերի առաջնային նպատակն արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ավելացումն է՝ Աշոտ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել «Երևանի ՋէԿ»-ի 2 էներգաբլոկի, «Շնող», «Մեղրի» հիդրոէլեկտրակայանների, «Լոռի-Բերդ» ՀԷԿ-երի համալիրի կառուցման ծրագրերի վերաբերյալ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սոն Դոնշենին Աշոտ Մանուկյանին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը, խոսել ընկերության առաջնահերթությունների մասին, ինչպես նաև քննարկել Հայաստանի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության հնարավորությունները: Նա ընդգծել է, որ աշխարհի ավելի քան 100 երկրում PowerChina ընկերությունը գործունեություն է ծավալում նաև էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ մասնագիտացած է հիդրոկայանների, արևային և ջերմային կայանների կառուցման գործում: Դոնշենին նշել է, որ շահագրգռված են ՀՀ էներգետիկ ոլորտում համագործակցությամբ՝ հաշվի առնելով երկրի ճկուն ներդրումային միջավայրը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վերազինման և արդիականացման արդյունքում արտադրական կարողությունների զարգացման հեռանկարների շուրջ։

Խոսելով տարածաշրջանային ինտեգրման շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ընթացքի մեջ է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, և ակնկալվում է, որ դրա շնորհիվ զգալիորեն կավելանա Հայաստանից դեպի Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը։ Աշոտ Մանուկյանը կարևորել է նաև Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումը, որի համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի միջև։

Գործարարները շնորհակալություն են հայտնել նախարարի պաշտոնակատարին՝ ոլորտի զարգացման առաջնահերթությունները հանգամանալի ներկայացնելու համար և համագործակցության պատրաստակամություն հայտնել, հայտնում է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---