Կիրակոսյան. ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ առկա կոնսենսուսն ավելի է ամրապնդվել

Կիրակոսյան. ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ առկա կոնսենսուսն ավելի է ամրապնդվել

PanARMENIAN.Net - Վերջին մարտահրավերից Հայաստանը դուրս է եկել ժողովրդավարության, լավ կառավարման և մարդու իրավունքների պահպանման ու զարգացման շուրջ հասարակական հստակ համաձայնությամբ, որն էլ ավելի է ամրապնդում արտաքին քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ առկա կոնսենսուսը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1185-րդ նիստում ներկայացնելով Հայաստանում վերջին զարգացումների ընթացքը։

Նա հավելել է, որ հայ ժողովուրդն առավել քան միասնական է այսօր իր ազգային իղձերի իրականացման ճանապարհին:

Դեսպանը նշել է նաև, որ Հայաստանում փոփոխությունները տեղի են ունեցել խաղաղ ճանապարհով, ՀՀ սահմանադրության և օրենքներին համաձայն, Հայաստանը հավատարիմ է եղել ԵԱՀԿ բոլոր հանձնառություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը:

Կիրակոսյանը մասնակից պետություններին տեղեկացրել է, որ Հայաստանի Սահմանադրության համապատասխան, մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից հրավիրված հատուկ նիստի ընթացքում ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հաստատել է խորհրդարանի որոշումը:

Արման Կիրակոսյանը շեշտել է, որ մայիսի 8-ի ընտրությունները փաստում են, որ վերոնշյալ հիմնարար ազատություններից բացի Հայաստանի իշխանություններն ու քաղաքացիները հարգել և իրականացրել են կարևորագույն իրավունքներից մեկը` կառավարություն ձևավորելու ժողովրդի իրավունքը, հայտնում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն միջազգային գործընկերներին, որոնք իրենց անաչառ և հավասարակշռված վերաբերմունքով նպաստեցին Հայաստանում ժողովրդավարության և պետականության զարգացման նոր էջի բացմանը:

ՀՀ նոր վարչապետի ընտրության առթիվ շնորհավորական ելույթներով հանդես են եկել ԵԱՀԿ-ում ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի ներկայացուցիչները: Վերոնշյալ երկրների ներկայացուցիչները հավաստել են Հայաստանին և հայ ժողովրդին իրենց երկրների անվերապահ աջակցությունը, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել զարգացնել և խորացնել ՀՀ-ի հետ երկկողմ համագործակցությունը:

ՄինչդեռԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «իր երկրի ամբողջականությունը չի կարող ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների թեմա լինել՝ երբեք չի եղել և երբեք չի լինի»:

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---