Վանեցյան. Շուտով կբացահայտվեն հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով

Վանեցյան. Շուտով կբացահայտվեն հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով

PanARMENIAN.Net - Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացվում: Այդ մասին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Շուտով կբացահայտվեն խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով», - հայտարարել է նա, հայտնում է Aysor.am-ը։

ԱԱԾ ղեկավարը, մանրամասներ ներկայացնելով, ասել է, որ այդ սխեմաների շրջանակում ոմանք պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։ «Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ», -հայտարարել է ԱԱԾ նոր պետը։

Նա նաև հավելել է. «Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»։

ԱԱԾ ղեկավարի խոսքով՝ այդ մարդիկ տեղյակ չեն, որ բիզնես ունեն ու ապրում են ծանր սոցիալական պայմաններում։

Վանեցյանն ասել է նաև, որ բանակին կարագի անվան տակ սպրեդ մատակարարելու վերաբերյալ քրեական գործը դատական հանգուցալուծում է ստանալու։

«Անկասկած, բոլոր մեղավորները պատժվելու են», - հայտարարել է Վանեցյանը։

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը մտահոգություն է հայտնել նաև պաշտոնյաների կողմից ուղիղ եթերների առնչությամբ:

«Ուղիղ եթերներների մասով մտահոգություններ ունեմ։ Կան իրավիճակներ, որոնք կարող են սպառնալ ազգային անվտանգությանը։ Պետք է քննարկենք մեր գործընկերների հետ, որ գտնենք ճիշտ լուծումներ», - ասել է Վանեցյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---