Ավինյանն ու Փաշինյանը կոչ են անում դադարեցնել անհնազանդության ակցիաներն Ամուլսարում

Ավինյանն ու Փաշինյանը կոչ են անում դադարեցնել անհնազանդության ակցիաներն Ամուլսարում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կոչ է արել դադարեցնել անհնազանդության գործողություններն Ամուլսարում՝ հավելելով, որ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա նշել է, որ խումբը կստեղծվի՝ հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը և դրա լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության լայնամասշտաբ ներգրավվածություն ապահովելու խնդիրը:

Փոխվարչապետի խոսքով, խումբը, որպես հանքաարդյունաբերական ընկերություններում գործող ընթացակարգերի համապարփակ ուսումնասիրության ուրույն, օբյեկտիվ և բազմակարծություն ապահովող հարթակ, հնարավորություն կընձեռի արձանագրված իրավիճակի համար մշակել և ներդնել հասցեական լուծումներ:

«Առաջնորդվելով Ամուլսարում բնապահպանական նորմերի պատշաճ մակարդակի ապահովման և քաղաքացիական հասարակության վերահսկողություն սահմանելու մեր հայրենակիցների պահանջով՝ Արթուր Գրիգորյանին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետությունում հանքաարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխանության գնահատման և արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության EITI սկզբունքներին համախատասխանող՝ թափանցիկ և հաշվետու հանքաարդյունաբերական քաղաքականության ներդրման և իրագործման գործընթացում, ապահովել զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև հասարարակական կազմակերպությունների ներգրավումը:

Վստահ եմ, որ միայն երկխոսության ճանապարհով կարող ենք ապահովել սոցիալական համերաշխություն:

Խնդրում եմ բացել Ամուլսար տանող ճանապարհները: Արհեստական խոչընդոտներն անհարկի ձգձգում են խնդիրների վեր հանումը. յուրաքանչյուր օր կարևոր է հիմնավորված որոշման կայացման գործընթացում»,-ասվում է գրառման մեջ:

Փոխվարչապետը կոչ է արել նաև դադարեցնել անհնազանդության գործողությունները. ի մի բերել բոլոր փաստական հանգամանքների այն համախումբը, որը կնպաստի Ամուլսարի բնապահպանական վիճակի մասին անաչառ եզրահանգումների կայացմանը:

«Ակնկալում եմ, որ ինչպես միշտ կկարողանանք արդյունավետ փոխգործակցել հանուն մեր պետության և հանուն մեր բնության, ու վաղը առավոտյան դադարեցված կլինեն անհնազանդության գործողությունները՝ դրանք մասնագիտական քննարկումների դաշտ տեղափոխելով, որպեսզի չտուժի ո՛չ պետությունը, ո՛չ բնությունը:

Խնդրում եմ վստահել իրավասու անձանց. կառավարությունը վստահելով Ձեզ՝ համապատասխանության գնահատման ուսումնասիրությունների մեկնարկը կազդարարի Ամուլսարից, և համապատասխանության գնահատման գործընթացը հետևողականորեն կշարունակի ՀՀ-ում գործող մյուս բոլոր հանքաարդյունաբերական ընկերություններում:Կոչ եմ անում ձևավորվող աշխատանքային խմբում Ձեր ակտիվ մասնակցությամբ՝ ամրապնդել համերաշխության մեր որդեգրած սկզբունքների կիրարկման պրակտիկան», - գրել է Ավինյանը։

Ամուլսարի թեմային էր անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան եթերում: «Ես չեմ հասկանում Ամուլսարում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության նպատակը։ Ես կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության գործողությունները և հնարավորություն տալ կառավարությանը որոշում կայացնել փաստերի հիման վրա։ Եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժը չէ, կառավարությանը փակուղային իրավիճակում դնելը չէ, դադարեցրեք այդ գործողությունները։ Եկեք օգնեք մեզ, որպեսզի մենք ունենանք փաստեր, մի խանգարեք մեզ, որպեսզի ունենանք փաստեր։ Իհարկե, մենք պետք է այդ հարցին լուծում տանք, բայց թե ինչ լուծում կտանք, դա պետք է հիմնված լինի անհերքելի փաստերի վրա», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը կարևորել էր «Լիդիանի» գործունեության շարունակությունը:

«Լիդիան-Արմենիա» ընկերությունը ՀՀ-ում շահագործում է Ամուլսարի ոսկու հանքը Ջերմուկի մերձակայքում։ Հանքի շահագործման համար արվելիք ներդրումները կկազմեն մինչև $370 մլն։ Բնապահպանները պահանջում են չշահագործել այն, մասնավորապես, Սևանի ավազանի համար հնարավոր ռիսկերը մատնանշելով։

 Ուշագրավ
2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ
Նա նշել է, որ հանքի այդ հատվածը պետական սահմանի մաս չէ, պետսահմանից հետ տեղադրված դիրք հայկական կողմը չունի
Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը
ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ