Հանրայինում 168,5 մլն դրամի չարաշահումների փաստով քրգործ է հարուցվել

Հանրայինում 168,5 մլն դրամի չարաշահումների փաստով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը 2017 թվականին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների և դրանց արդյունքում հայտնաբերված՝ պետբյուջեից 168,5 մլն դրամի չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Պարզվել է, որ ՓԲԸ-ն դրամաշնորհային պայմանագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2015-2016 թվականներին տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 2,4 մլրդ դրամի պայմանագրեր՝ հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման և այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար:

Ընտրանքային ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիլմերի կամ հաղորդաշարերի ձեռքբերման նպատակով կնքված ընդհանուր 118,2 մլն դրամի թվով 4 պայմանագրերով կազմվել և օգտագործվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր: Մասնավորապես՝ հաստատվել են աշխատանքներ կատարող կամ ծառայություն մատուցող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների կամ մասնագետների առկայություն և դրանց համար ծախսերի հաշվարկներ: Մինչդեռ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համադրությամբ պարզվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները կամ ընդհանրապես գրանցված աշխատակիցներ չեն ունեցել, կամ դրանց թվաքանակը եղել է զգալիորեն պակաս:

Բացի այդ, հեռուստահաղորդումների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում, տեխնիկայի տրամադրում չնախատեսելու պայմաններում, ՓԲԸ-ն 2 դեպքում երրորդ անձանց հետ կնքել է տեխնիկայի վարձակալության ընդհանուր 30,5 մլն դրամի պայմանագրեր՝ կատարելով չհիմնավորված, հավելյալ ծախսեր:

Հեռուստաարտադրության և տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագրերը կնքվել են չնայած նրան, որ ՓԲԸ-ն ունեցել է ռեժիսորական, հեռուստաօպերատորական, արտատաղավարային նկարահանումների և լուսային ապահովման բաժիններ՝ համալրված 50-ից ավելի մասնագետներով և հարյուրավոր միավորներ տարբեր անվանումների հեռուստաարտադրության տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:

Մի շարք դեպքերում հեռուստաարտադրության և տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագրերի կողմեր են հանդիսացել ընկերություններ, որոնց հիմնադիրները եղել են (հետագայում մասնակցությունը դադարեցրել են) ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում կամ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում պաշտոն զբաղեցնող անձինք:

Բացի այդ, 2015-2016թթ. թվով 4 շինարարական կազմակերպության հետ կնքվել են ընդհանուր մոտ 471,6 մլն դրամի պայմանագրեր, որոնցով կապալառու կազմակերպությունների և տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց կողմից կազմվել է իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ փաստաթղթեր՝ կատարողական կամ ընդունման ակտեր, որոնցով ցույց են տրվել ընդհանուր 8,8 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որոնք վճարվել են, սակայն իրականում չեն կատարվել:

Պարզվել է, որ ՓԲԸ կողմից պետության բյուջետային միջոցներով 2015-2016 թվականներին իրականացված մոտ 168,5 մլն դրամի ծախսերը կատարվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր, կատարողական ակտեր կազմելով և օգտագործելով, ուռճացված, անհիմն ծախսեր հաշվարկելով և վճարելով:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---