ՀՀ նախագահ. ՀՀ-ն կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արևմուտքի ու Արևելքի միջև

ՀՀ նախագահ. ՀՀ-ն կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արևմուտքի ու Արևելքի միջև

PanARMENIAN.Net - Նախագահի դերը խորհրդարանական հանրապետությունում պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին և Sputnik-Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ ի սկզբանե հասկանալի էր, որ եթե ինքը զբաղեցնի այդ պաշտոնը, պետք է օգտագործի գիտության, քաղաքականության ոլորտների իր կապերը՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար:

Նա նշել է, որ ներկայումս Հայաստանի ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարվող փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում: Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան, և կարևոր է, որ դրանք իրական արդյունքների վերածվեն տնտեսության, բիզնեսի մեջ:

«Իմ տեսլականը հետևյալն է. մենք այսօր ունենք հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք: Եվ երբ ասում եմ ՝ ներդրումներ կատարեք Հայաստանում, դա չի նշանակում, որ կոչ եմ անում ներդրում կատարել 3,5 մլն բնակչությամբ երկրում: Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ դեպի հսկայական եվրասիական տարածք, որտեղ ապրում է ավելի քան 170 մլն մարդ:

Մեր օրերում, երբ նշանակալի են ոչ այնքան բնական ռեսուրսները, որքան նոր տեխնոլոգիաներն ու մշակումները, Հայաստանը կարող է շեշտը դնել դրա վրա: Մեզանում հիմա տեխնոլոգիաները շատ լավ են զարգանում, և այդ ոլորտի շատ համաշխարհային ընկերություններ արդեն աշխատում են մեզ մոտ: Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արևմուտքի ու Արևելքի միջև, ստեղծել իր նոր տեխնոլոգիաները, որոնք կունենան միջազգային որակ, և դրանք տարածել եվրասիական շուկայում»,-ասել է Սարգսյանը:

Նախագահը հիշեցրել է, որ վերջերս Ֆրանսիայում էր, որտեղ հասցրել է հանդիպել ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, օրինակ, Dassault Systèmes, Orange, THALES: Հանդիպումներ եղել են ոչ միայն բարձրտեխնոլոգիական ընկերությունների հետ, նաև Chanel-ի սեփականատիրոջ հետ: Նա նշել է, որ Հայաստանում ոսկերչական գործի ավանդույթներն ամուր են, և վատ չէր լինի միավորել այդ ավանդույթներն ու համաշխարհային տեխնոլոգիաները:

Անդրադառնալով հայրենադարձության հարցին՝ ՀՀ նախագահն ասել է, որ հայրենադարձների համար գրավիչ ծրագրերը կառավարության՝ գործադիր իշխանության առանձնաշնորհն են: Իր կողմից, բնականաբար, լիակատար աջակցություն կլինի, կլինեն նախագահական նախաձեռնություններ:

«Ի՞նչ քայլեր են այստեղ անհրաժեշտ՝ ներդրումային ծրագրերից բացի: Կարևորը, որ երկրում մթնոլորտը նորմալ լինի. չլինի կոռուպցիա, որ դատարանները նորմալ աշխատեն, որ մարդիկ իմանան՝ իրենց խնդիրները օրինական լուծում կստանան: Եվ հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ:

Սիրիայից եկողներից շատերը պատերազմի պատճառով կորցրել են բացարձակապես ամեն ինչ: Նրանք տեղափոխվում են Հայաստան և ամեն ինչ սկսում զրոյից: Եվ նրանք չեն ուզում հեռանալ, այսինքն, Հայաստանը նրանց համար տարանցիկ կայան չէ, նրանք ցանկանում են այստեղ ապրել»,-ասել է նա:

Խոսելով այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի երիտասարդությունը դպրոցից հետո չհեռանա երկրից, նախագահն ասել է, որ դա նույնպես ավելի շատ գործադիր իշխանության խնդիրն է: «Բայց, միաժամանակ, կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում հնարավոր չէ ինչ-որ մեկին պահել նույն տեղում: Ընդհակառակը, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ, աշխարհի լավագույն բուհեր, հետո վերադառնա տուն եւ երբեք չկորցնի Հայրենիքի հետ կապը: Հայաստանի համար մոդելը պարզ է՝ փոքր երկիր, բայց գլոբալ ազգ: Չէ՞ որ սփյուռքն այսօր Հայաստանի հսկայական առավելությունն է: Ուստի, ուժեղ սփյուռք՝ ուժեղ Հայաստան»,-ասել է Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվա էիք ժամանել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին, նա երկրպագել է Ֆրանսիայի հավաքականին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---