ԱՊՀ մի շարք երկրների հետ գործընկերության մասին ԵՄ նախաձեռնությունը կարող է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

PanARMENIAN.Net - ԱՊՀ մի շարք երկրների հետ Եվրամիության գործընկերության մասին շվեդա-լեհական նախաձեռնությունը կարող է դրական ազդել հետխորհրդային երկրների վրա, սակայն փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որն իր ազդեցությունն ու շահերն ունի տարածաշրջանում: «Նախաձեռնությունը մի փոքր բարելավում կլինի այդ երկրների համար եւ էապես կվատթարացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը հարված կլինի հետխորհրդային տարածքների տնտեսությանը»,-գտնում է Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մարկովը:



Եթե այդ վեց երկրների քաղաքացիները կարողանան ազատ մեկնել Եվրոպա, նրանց համար դյուրին դարձնեն մուտքի արտոնագրերի ձեռք բերումը, դա կարող է միայն ուարախացնել Ռուսաստանին, նշել է Մարկովը: «Սակայն ես հիմքեր ունեմ կասկածելու, որ գործը կսահմանափակվի միայն մուտքի դյուրացմամբ եւ տնտեսական համագործակցությամբ ԵՄ-ի հետ: Հարցը քաղաքական ազդեցության տարածման մեջ է»,-ասել է փորձագետը:



Նա գտնում է, որ հետխորհրդային տարածքի երկրների վրա ԵՄ քաղաքական ազդեցության դրական արդյունքներ չկան: «ԵՄ-ն մասնակցեց Մոլդովայի եւ Մերձդնեստրի միջեւ կարգավորման տապալմանը: Ըստ էության, Մոլդովայում կյանքի ցածր մակարդակը ԵՄ-ի ուղղակի պատասխանատվությունն է, որը նաեւ թույլ չի տալիս կարգավորել Վրաստանի եւ Աբխազիայի հարաբերությունները: ԵՄ-ն խոչընդոտել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի միավորմանը միասնական տնտեսական տարածքում եւ, այդպիսով, հանգեցրել է այդ երկրներում կյանքի մակարդակի նվազեցման»,-գտնում է քաղաքագետը: «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը, ինչպես նշում է Մարկովը, առաջարկվել է Լեհաստանի կողմից, որի պաշտոնական գաղափարախոսության մաս է կազմում ռուսատյացությունը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:



ԵՄ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի մայիսի 26-ին Բրյուսելում կայացած նիստում ներկայացվել է «Արեւելյան գործընկերություն» Լեհաստանի եւ Շվեդիայի առաջարկը, որը ենթադրում է Եվրամիության փոխգործակցության զարգացում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Բելառուսի հետ: Այդ նախագիծն արդեն իսկ ստացել է Սլովենիայի, Ֆրանսիայի եւ Չեխիայի արտգործնախարարների աջակցությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---