Պոզները՝ Ազնավուրի մասին. Երբ մարդ հեռանում է այսպես, նույնիսկ կարելի է նախանձել նրան

Պոզները՝ Ազնավուրի մասին. Երբ մարդ հեռանում է այսպես,  նույնիսկ կարելի է նախանձել նրան

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներն անդրադարձել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանը։

«Պետք չէ արտասվել Ազնավուրի մահվան համար, նա չէր ցանկանա դա: Ազնավուրն իր կյանքն ապրել է դրական, նրան կարելի է հիշել միայն մեծ երախտիքով, ուրախությամբ, ծափահարություններով, բայց ոչ նվնվոցով», - ասել է Պոզները՝ հավելելով, որ աշխարհահռչակ շանսոնյեն ապրել է երկար, հիանալի, հաջողակ կյանքով և «սիրել է մինչև իր կյանքի վերջին պահը»:

Ըստ Պոզների, իհարկե ցավալի է, որ մարդը հեռանում է, սակայն «մյուս կողմից, երբ նա հեռանում է այսպես, այսպիսի կյանքից հետո, կարելի է նույնիսկ նախանձել նրան»:

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, 94-ամյա շանսոնյեն մահացել է:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---