«Կոմերսանտ». Փաշինյանը հայտնվեց բանակ չունեցող գեներալի վիճակում

«Կոմերսանտ». Փաշինյանը հայտնվեց բանակ չունեցող գեներալի վիճակում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 3-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տասնյակ հազարավոր կողմնակիցների հավաքը ԱԺ պատերի մոտ չէր կարող չլինել՝ բողոքի ցույցերի վերսկսումը միայն ժամանակի հարց էր: Այդ կարծիքին է ռուսական «Կոմերսանտ» թերթի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովը:

Ըստ նրա, ԱԺ լուծարումը, որտեղ 105 պատգամավորից միայն մի բուռն է միանշանակ կողմ Փաշինյանին, նրա կողմից իշխանական բոլոր լծակներին տիրանալու անհրաժեշտ պայման է:

«Մայիսյան թավշյա հեղափոխությունն իրականում հեղափոխություն չդարձավ: Հրապարակից զբաղեցնելով վարչապետի պաշտոնը՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց բանակ չունեցող գեներալի վիճակում: Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը պահպանել է քաղաքական իրավիճակի վրա ազդելու հնարավորությունը և հոկտեմբեին 2-ին օգտվեց դրանից՝ նախաձեռնելով մի օրենքի ընդունում, որն, ըստ էության, արգելափակում է խորհրդարանի լուծարումը»,- գրում է պարբերականը:

Ժողովրդականություն չվայելող և վարչական ռեսուրսից զրկված հանրապետականներն արդարացիորեն մտավախություն ունեն, որ արտահերթ ընտրությունների դեպքում չեն անցնի խորհրդարան: Սակայն նրանք շատ անպատեհ պահ ընտրեցին իրենց համար այդ տհաճ սցենարը կանխելու կամ հետաձգելու համար: Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանի աջակցությունն ամենևին չի նվազել՝ նրա «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեների 81,05 տոկոսը: Արդյունքում Երևանի քաղաքապետ ընտրվեց հայտնի կատակերգու դերասան Հայկ Մարությանը:

«Նույն հաջողությամբ Երևանի քաղաքապետ կարող էր ընտրվել մի անշունչ առարկա, եթե նրա օգտին քարոզեր Փաշինյանը: Այդպիսին է այսօրվա հայաստանյան իրողությունը՝ մարդիկ փոփոխություններ են ուզում և միակը, ով ասոցացվում է այդ փոփոխությունների հետ, Փաշինյանն է: Արդյունքում ՀՀԿ-ն և նրա դաշնակիցները ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից, որոնք կողմ քվեարկեցին վիճահարույց օրինագծին, հասան նրան, որ հսկայական ամբոխ հավաքվեց ԱԺ մոտ, իսկ նրանք էլ տհաճ էմոցիաներ վերապրեցին: Փողոցը միակ մատչելի և առայժմ հուսալի ռեսուրսն է տաղանդավոր հռետոր Փաշինյանի համար: Եվ նա չի թաքցնում, որ օգտագործելու է այն մինչև վերջ: Այսինքն՝ մինչև որ ստանա ամբողջ իշխանությունը: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա ձեռքի տակ ունենա լոյալ խորհրդարան»,-գրում է հեղինակը:

Նշվում է, որ վարչապետի պաշտոնում 5 ամսվա ընթացքում Փաշինյանը չի արել ոչ մի բան, որը կարելի է բարեփոխում համարել: Այն թեթևությունը, որով նա բաժանվում է նախարարների և խորհրդականների հետ, հուշում է, որ Փաշինյանի թիմը դեռ չի ձևավորվել:

«Նա ասում է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ: Սակայն գործեր են հարուցվում առանձին նախկին և ներկա պաշտոնյաների դեմ: Եվ թեև նրանցից ոմանք ժամանակին բարձր պաշտոններ են զբաղեցրել, դա պայքար է ոչ թե կոռուպցիայի, այլ կոռուպցիոներների դեմ, որոնց մեղքն, ի դեպ, դեռ պետք է ապացուցել:

Փաշինյանը սխալներ է գործել նաև արտաքին քաղաքականության ոլորտում, առաջին հերթին դա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալությունն էր, ինչը եթե դեմ չտրամադրեց Մոսկվային, ապա առնվազն ստիպեց զգուշավոր լինել, իսկ Մոսկվայից է կախված ՀՀ անվտանգությունն ու զգալի չափով նաև տնտեսությունը: Փաշինյանը փորձեց ամեն ինչ հարթել: Սակայն յուրային այնպիսի երկարակյաց նախագահների շրջանում, ինչպիսիք են Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն, ՀՀ վարչապետը, որն իշխանությունը ստացել էր բազմահազարանոց ամբոխի ձեռքից, չդարձավ:

Հեղինակը կարծում է, որ փողոցը, որին Փաշինյանը փոփոխությունների հույս նվիրեց, շռայլ ավանս տվեց նրան և մեծահոգաբար ներում է սխալներն ու ոչինչ չի պահանջում փոխարենը:

«Փողոցը բավարարվում է իր կուռքի հետ սելֆի անելու հնարավորությամբ, նրա ցուցադրական թռիչքներով էկոնոմ դասի ինքնաթիռով և հայտարարություններով, թե իշխանությունը երկրում պատկանում է ժողովրդին: Սակայն հեղափոխական վարչապետը պետք է հիշի՝ անպայման գալու է այն պահը, երբ մարդիկ կհոգնեն դուրս գալ փողոց նրա կոչով և Փաշինյանի ֆեյսբուքյան էջը բացելու փոխարեն կբացեն սառնարանի դուռը: Եվ այն, ինչ նրանք կտեսնեն ներսում, կորոշի Փաշինյանի քաղաքական ապագան»,-ասվում է հոդվածում:

Հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծում խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող դրույթն ավելացրել են երկրորդ ընթերցմանը՝ նախապես հստակ մտադրություն ունենալով այն արագ անցկացնել: Փոփոխությունը քվեարկությամբ ընդունվել է, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել ԱԺ մոտ: Նրա կոչին հազարավոր մարդիկ են արձագանքել: Հենց հանրահավաքի ժամանակ Փաշինյանն ազատել է աշխատանքից ՀՅԴ-ից և ԲՀԿ-ից բոլոր նախարարներին ու մարզպետներին, որից հետո բանակցություններ է վարել ԱԺ շենքում արգելափակված պատգամավորների հետ:

Դուրս գալով մարդկանց մոտ՝ Փաշինյանն ասել է, որ առաջիկայում հրաժարական կտա, սակայն կշարունակի պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի վերջում կամ դեկտեմբերի սկզբին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---