Մոսկվայում Հալաբյանի հուշարձանի կանգնեցման շուրջ վեճեր են ծագել

Մոսկվայում Հալաբյանի հուշարձանի կանգնեցման շուրջ վեճեր են ծագել

PanARMENIAN.Net - Մոսկվայում որոշել են կանգնեցնել հայտնի ճարտարապետ, ԽՍՀՄ Ճարտարապետների միության հիմնադիր, ԽՍՀՄ Ճարտարապետության ակադեմիայի փոխնախագահ Կարո Հալաբյանի հուշարձանը: Ծախսերն իր վրա է վերցրել հայկական կողմը: Մոսկվայի քաղաքային Դումային կոմիտեն արդեն հավանություն է տվել նախագծին, սակայն հասարակության որոշ ներկայացուցիչներ կտրուկ դեմ են:

Դեմ արտահայտվողներին չի գոհացնում հայտնի ճարտարապետի կերպարը՝ ասվում է, թե իբր նա 30-40-ականներին նպաստել է նրան, որ իր տաղանդավոր գործընկերները չունենան ստեղծագործելու հնարավորություն: «Ինձ համար նա հակահերոս է, մի մարդ, որը կործանել է մեր շատ հայտնի ճարտարապետների ճակատագրերը»,-ասել է Մոսկվայի թանգարանի ավագ գիտաշխատող Ալեքսանդրա Սելիվանովան, գրում է tvc.ru-ն:

Սելիվանովան ստորագրահավաք է սկսել հուշարձանի տեղադրման դեմ: Սակայն շատերը գերադասում են գնահատել Հալաբյանին որպես պրոֆեսիոնալի: Նա եղել է Կարմիր բանակի կենտրոնական թատրոնի նախագծի հեղինակներից մեկը, հեղինակել է «Կրասնոպրեսնենսկայա» մոսկովյան մետրոյի կայարանի նախասրահը, Հայկական ԽՍՀ տաղավարը Գյուղատնտեսության համամիութենական ցուցահանդեսում: Պատերազմի տարիներին քողարկիչ նախագծեր է ստեղծել ավիացիայից ռազմական գործարանները պաշտպանելու համար, իսկ պատերազմից հետո դարձել է Ստալինգրադի վերականգնման գլխավոր հատակագծի հեղինակը: Նրա ավանդը ճանաչել են ոչ միայն ԽՍՀՄ-ում, 1936-ին նա դարձել է Բրիտանիայի ճարտարապետների թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից-անդամը, 1939-ին ՝ Նյու Յորքի պատվավոր քաղաքացի՝ միջազգային ցուցահանդեսում ԽՍՀՄ տաղավարի համար, գրում է պարբերականը:

Նշվում է, որ դժվար է կանխատեսել կհաջողվի արդյոք փոխզիջման հասնել: ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները հուսով են, որ կարող են ապացուցել, որ Հալաբյանն արժանի է հուշարձանի: «Հուշարձանի տեղադրման հակառակորդները մտադիր են առաջարկել հայկական կողմին անթերի հեղինակությամբ մի այլ կերպար առաջարկել: Եթե այդպիսիք ընդհանրապես եղել են արվեստի պատմության մեջ»,-ասվում է հոդվածում:

1932 թվականից Կարո Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---