Գործադիրին հետաքրքրող հարցերն ուսումնասիրող հետազոտական հիմնադրամ կստեղծվի

Գործադիրին հետաքրքրող հարցերն ուսումնասիրող հետազոտական հիմնադրամ  կստեղծվի

PanARMENIAN.Net - Հայ և միջազգային փորձագետների կողմից ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնող հիմնադրամ կստեղծվի, հայտնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Նշվում է, որ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի գործակցության արդյունքում հոկտեմբերի 10-ին կողմերի միջև համաձայնագիր է ստորագրվել $200,000-ի նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին:

Ավինյանը նշել է, որ դա ՀՀ կառավարության պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած աշխատանքային այցի հերթական արդյունքներից մեկն է:

«Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամը կնպաստի կառավարություն-գիտական հանրույթ հաղորդակցմանը և փաստերի վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակմանը: Մենք մեծապես կարևորում ենք Քրիսթին Սիմոնի և «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի դերը այս գործընթացում և շնորհակալություն հայտնում նրանց Հայաստանին և կառավարության բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Նաև շնորհակալ ենք Հայաստանի ամերիկյան համալսարանին՝ ի դեմս պարոն Տեր-Կյուրեղյանի, ում հետ արդյունավետ գործակցության շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել այս նախաձեռնությունը», - ասել է Ավինյանը:

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատայած այցի արդյունքում տարբեր ընկերությունների և կառույցների հետ ՀՀ-ում $30,5 մլն-ի ներդրումների պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---