2019-ին մոտ 1000-ով ավելի երեխա կհաճախի մանկապարտեզ

2019-ին մոտ 1000-ով ավելի երեխա կհաճախի մանկապարտեզ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը նախակրթարաններում հերթագրումների խնդիրը լուծելու նպատակով ծրագիր է մշակել, համաձայն որի 2019 թվականի փետրվարին մի շարք վարչական շրջանների նախակրթարաններում մոտ 1000 երեխայի համար նոր խմբեր կբացվեն, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ նախակրթարաններում հերթագրվածների թիվը 8000 է:

«Կան նախակրթարաններ, որոնց հերթագրումները հասնում են հարյուրների: Ցավոք, մեր նախակրթարաններում մի շարք տարածքներ իրավական կամ առանց իրավական հիմքերի տրամադրված են տարբեր կազմակերպությունների: Եվ մեր առաջին աշխատանքներից էր գույքագրել, թե նախակրթարանների տարածքներից որքա՞նն է զբաղեցված և ի՞նչ նպատակով է օգտագործվում: Այժմ սկսվել է մեծ գործընթաց. նախակրթարանները բեռնաթափել այն բոլոր կազմակերպություններից, որոնք առանց իրավական հիմքի գործում են այնտեղ», - ասել է Վիրաբյանը:

Ըստ նրա, ծրագիրը կընթանա 3 փուլով. առաջինը կմեկնարկի փետրվարին՝ Արաբկիր, Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում: Երկրորդ փուլը կլինի մայիսին, երրորդ փուլը՝ սեպտեմբերին:

«Ընտրված են այն վարչական շրջանները, որտեղ ունենք ավելի շատ հերթագրված երեխաներ, նաև այն վարչական շրջանները, որտեղ այս ամիսների ընթացքում հնարավորություն ենք ունեցել ստեղծելու համապատասխան տարածքներ: Հավելեմ նաև, որ առաջին փուլի համար ընտրվել են այն տարածքները, որոնք չունեին վերանորոգման կարիք կամ ունեին մասնակի՝ կոսմետիկ վերանորոգման կարիք, որոնցում աշխատանքներն այժմ տարվում են», - եզրափակել է Վիրաբյանը:

Ծրագրի վերջին փուլում կլինեն ամբողջովին պատրաստի խմբասենյակներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---