Պետաջակցություն՝ գարնանային ոռոգման սեզոնի նախապատրաստությանը

Պետաջակցություն՝ գարնանային ոռոգման սեզոնի նախապատրաստությանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկումը:

Գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը կարևորել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ժամանակին մեկնարկի համար գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակով ջրամատակարարման ապահովումը՝ նշելով, որ այդ նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը:

Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ հանձնարարել է պատասխանատուներին՝ ներկայացնել հարցի համակարգային լուծման առաջարկներ:

«Պայմանավորվեցինք հետևյալ կերպ. մենք գումարը հատկացնում ենք բյուջեից, և դրա ծախսումը խիստ հսկողության տակ է առնվում: Բայց նաև գնում ենք հավաքագրումների հետևից՝ փորձելու հասկանալ, թե ինչ է կատարվում այդ ոլորտում: Նաև խիստ հսկողության տակ ենք պահում ջրամբարներում առկա ջրի քանակությունը, որպեսզի համոզված լինենք, որ դրանք կառավարվում են: Վարկային ծրագրերով վերանայումներ ենք անում, թե որտեղ ինչ վերաբաշխումներ է հնարավոր անել, որ գումարներն առավել արդյունավետ ծախսվեն: Եվ ջրային համակարգում պետք է գնալ կառուցվածքային և կադրային շատ լուրջ փոփոխությունների», - ասել է նա:

Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ մարտի առաջին տասնօրյակի ավարտին գյուղացիական տնտեսությունները պետք է ապահովված լինեն կանոնավոր ջրամատակարարմամբ և համապատասխան հանձնարարականներ տվել:

Վարչապետը նաև հանձնարարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանին՝ տեղեկանք ներկայացնել գարնանային գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական փուլում իրականացված և իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---