Վերաքննիչը վերացրել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի կալանքը

Վերաքննիչը վերացրել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի կալանքը

PanARMENIAN.Net - Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է բավարարել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանի բողոքը։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, վերացրել է կալանքը և գործը ուղարկվում է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

«Մենք դեռ չենք ստացել դատարանի որոշումը, բայց կարծում եմ, որ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է Երևանի առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տված պաշտպանական իրավունքի տոտալ խախտումներին։ Վահագն Հարությունյանի կալանքի մասին հարցը առաջին ատյանի դատարանը նորից է քննելու»,- ասել է Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Փաստաբանը նաև ներկայացրել է, որ Վահագն Հարությունյանի պաշտպանությունը բազմաթիվ խախտումների է հանդիպել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ է տվել իրավունքի բազմաթիվ խախտումներ։

Պողոսյանի խոսքով, մասնավորապես, առանց Հարությունյանի պաշտպանի, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դեկտեմբերի 30-ին քննարկել է Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին ՀՔԾ-ի միջնորդությունը, այն դեպքում, երբ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հետախուզման մեջ գտնվող անձի կալանքի միջնորդությունը պետք է քննել նրա պաշտպանի ներկայությամբ։

«Դեկտեմբերի 30-ին Արտուշ Գաբրիելյանը ստանում է Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը, հաստատապես իմանալով, որ Վահագն Հարությունյանը պաշտպան ունի, քննում է գործը՝ առանց ծանուցելու։ Հետագայում, երբ Վերաքննիչ դատարանում նյութերին ծանոթացա, պարզվեց, որ գործում առկա է տեղեկանք, թե իբր դատարանի աշխատակազմից զանգահարել են ինձ, և ես հեռախոսազանգին չեմ պատասխանել։ Միանշանակ է, որ հետին ամսաթվով այդ նյութերում դրվել է տեղեկանքը։ Ավելին՝ գործի նյութերում նման հեռախոսագիր առկա չի եղել, ինչը արձանագրել եմ։ Ամենամեծ կեղծիքն այն է, որ ես Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից, դատարանի աշխատակազմից այդ օրը զանգ չեմ ստացել։ Ակնհայտ կեղծ տեղեկություն պարունակող փաստաթուղթ են դրել շրջանառության մեջ»,- դատավորի գործողությունը ներկայացրել է փաստաբանը:

Նա ընդգծելէ, որ նման ապօրինություն իրականացրած դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի դատավորների կարգապահական հանձնաժողովի կողմից։ Այդ հարցով, արդեն իսկ փաստաբանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղից սակայն, դեռ հստակ պատասխան չունի։

Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ Արտուշ Գաբրիելյանի գործողությունների ու կեղծիքը բացահայտելու համար դիմելու են իրավապահ մարմիններին։

Փաստաբանը նկատել է, որ իր պաշտպանյալ Վահագն Հարությունյանի հետ քննարկել են դատավոր Գաբրիելյանի վարքագիծը, և Հարությունյանը, փաստաբանի փոխանցմամբ, առաջ է քաշել հետևյալ վարկածը. «Նա ասաց, թե ինքը տեղեկացված է, որ մի շարք քրեական գործերով հանցագործների Արտուշ Գաբրիելյանը ակնհայտ մեղմ պատիժներ է նշանակել և, որպեսզի Գաբրիելյանի գործողությունները քննարկման առարկա չդառնան ՀՔԾ-ում, նա կարծես վարձահատույց է լինում ՀՔԾ-ին՝ ապօրինի որոշումներ կայացնելու համար։ Այս առումով, Վահագն Հարությունյանն ասում է, որ ակնհայտ փաստերի է տիրապետում»։

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը:Բացի ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Հարությունյանին նաև մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---