Ալիև. Բանակցային ձևաչափի փոփոխման ՀՀ փորձերն անընդունելի են

Ալիև. Բանակցային ձևաչափի փոփոխման ՀՀ փորձերն անընդունելի են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է անվանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափի փոփոխման ՀՀ կառավարության փորձերը:

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել ձևաչափը: Դա անընդունելի է և բանակցություններն արգելափակելու փորձ»,-հայտարարել է Ալիևը Բաքվում ընթացող «Բաքվի 7-րդ գլոբալ համաժողովում»: Նա հավելել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս դեմ են արտահայտվել ձևաչափի փոփոխությանը:

«Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, ոչ թե հանուն բանակցությունների: Դրանք պետք է հանգեցնեն գրավյալ ադրբեջանական տարածքների ազատմանը»,-ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը:

Ալիևը հավելել է նաև, որ «ստատուս քվոն անընդունելի է, այն պետք է փոխվի: Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

Ըստ Ալիևի, «բոլոր միջազգային կազմակերպությունները սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և հանդես են գալիս այդ սկզբունքի շրջանակում հիմնախնդրի կարգավորման օգտին»,-ասել է Ալիևը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր. «Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետև մենք իրապես շահագրգիռ ենք և ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է, իսկ բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցը, ինչպես նշեցի, առանցքային նշանակություն ունի»:

Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ԼՂ հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող սկզբունքներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---