ԲՀԿ-ն ու «Իմ քայլը» մեղադրանքներ են փոխանակում ԼԳԲՏ թեմայի շուրջ

ԲՀԿ-ն ու «Իմ քայլը» մեղադրանքներ են փոխանակում ԼԳԲՏ թեմայի շուրջ

PanARMENIAN.Net - ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթը վիճաբանության առարկա է դարձել ԱԺ անդամ տարբեր քաղաքական ուժերի, մասնավորապես ԲՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների անդամների միջև:

ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթին, ասել է, որ որպես Գագիկ Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր՝ ասում է, որ դա անընդունելի է:

«Դա արատ է: Մինչև այսօր այդ արատը եղել է փակ, չի արտահայտվել և մենք թույլ չենք տալու, որ դա տարածվի կամ օրինական ուժ ստանա», - ասել է Ծառուկյանը, հայտնում է Aysor.am-ը:

Դիտարկմանը, թե նրանք ևս պարտավոր են պաշտպանել իրենց իրավունքները՝ Ծառուկյանն ասել է, որ յուրաքաչյուրը կարող է պաշտպանել իր իրավունքները, բայց որպես կուսակցության առաջնորդ ինքը կարող է բացառել, որ ԲՀԿ-ն այս տեսանկյունից օրենսդրության մեջ փոփոխություններին կողմ կլինի:

«Ամեն մարդ էլ կարող է, եթե խնդիր ունեն, թող դիմեն իրավապահներին, բայց նոր օրենք ընդունելը իմ կուսակցության կողմից բացառվում է», - ասել է նա:

Ծառուկյանը նաև ընդգծել է, որ Նաիրա Զոհրաբյանը՝ որպես մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ ճիշտ վարքագիծ է դրսևորել՝ թույլ տալով մարդուն օրակարգից դուրս հարցի մասին խոսել: «Նա ուրիշ կերպ չէր կարող իրեն պահել, եթե պահեր, մեր կողքին չէր լինի», - ասել է նա:

Ապրիլի 5-ին Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից խոսել է տրանսգենդեր կին՝ բարձրաձայնելով իրենց իրավունքների ոտնահարումը: Լիլիթ Մարտիրոսյան ներկայացած կինը հայտարարել է, որ տրանսգենդեր է և ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից։ Նրա ելույթը բարկացրել է Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։Նա հայտարարել է, որ այս լսումների թեման դատաիրավական բարեփոխումներին, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին էր վերաբերում, մինչդեռ տրանսգենդերի ելույթը խախտում է այդ օրակարգը։

Ապրիլի 8-ի ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ամբիոնից ելույթով անդրադարձել է խորհրդարանում«Մարդու իրավունքների ազգային օրակարգ» թեմայով խորհրդարանական լսումներին տրանսգենդերի մասնակցությանը: Նա նշել է, թե Զոհրաբյանը ստել է, ասելով, թե ինքն է կազմակերպել տրանսգենդերի ելույթը լսումների ժամանակ: «Անհերքելի է, որ Աժ լսումները բաց են եղել տիկին Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարտուղարության հեռախոսահամարով գրանցված բոլոր հասարակական կազմակերպությունների համար, և ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար», - ասել է պատգամավորը:«Տիկին Զոհրաբյանը ստում է՝ ասելով, թե հասարակական կազմակերպություններին հորդորվել է գրանցվել միայն այն պարագայում, եթե նրանք օրակարգի թեմաներին առնչվող ելույթներ պետք է ունենան։ Սա սուտ է, քանի որ ինչպես արդեն ասացի, գրանցման պահին թեմաներ պարզապես չկային», - ասել է նա ու ցույց տվել Զորհաբյանի ստորագրած դիմումը՝ 47 ՀԿ դահլիճ ներս թողելու հարցով։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր հերթին ասել է, որ խորհրդարանում կան պատգամավորներ, ովքեր «հանրությանը հայտնի լինելու համար հնչեցնում են ԲՀԿ-ի պատգամավորների անունները»։ Նրա այս ակնարկն ուղղված էր «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանին: «Նախընտրական խոստումների ժամանակ ազնիվ չեք եղել: Ժողովրդին ասեիք, որ գալիս եք այստեղ՝ տրանսդգենդերներին ԱԺ դահլիճը տրամադրելու համար։ Բա խի՞ չէիք մինչև էդ ասում։ Հասել, դարձել եք քաղաքական մեծամասնություն ու հետին թվով՝ մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ», - հայտարարել է Պետրոսյանը:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին: Նա կոչ է արել մանիպուլյացիաներով չզբաղվել և չլարել մթնոլորտը խորհրդարանում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---