Քաղաքապետարանն անընդհատ լցված աղբամաններով լուսանկարներ է ստանում

Քաղաքապետարանն անընդհատ լցված աղբամաններով լուսանկարներ է ստանում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանն ընդունում է, որ վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է: Այդ մասին ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է: Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում և չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու չեն մաքրվում:

Քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայության ու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում ենք լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ: Անբավարար է նաև քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ քաղաքապետարանը ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ վիճակը բարելավելու և վերջնական լուծում տալու ուղղությամբ:

«Հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, որպեսզի վերջապես ունենանք նորմալ աղբահանություն և մաքուր քաղաք: Հայցում ենք երևանցիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը՝ աղբահանության օպերատորի անբավարար աշխատանքի համար»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել էր, որ աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար Երևանում կավելացվի աղբամանների թիվը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---