Բակո Սահակյան. Արցախը պետք է լինի բանակցությունների լիիրավ մասնակից

Բակո Սահակյան. Արցախը պետք է լինի բանակցությունների լիիրավ մասնակից

PanARMENIAN.Net - Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ կողմի մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանն Արցախի Ազգային ժողովում՝ ներկայացնելով 2018-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

Երկրի ղեկավարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում շարունակվելու են աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:

Նախագահը կարևորել է նաև տարբեր երկրների հետ ձեռք բերված ապակենտրոնացված համագործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ կատարված աշխատանքները՝ մասնավորապես Արցախի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների ստեղծման, կրթության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հաղորդման շրջանակում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Արցախի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և արդյունքներին:

Հարցի քննարկման ընթացակարգի համաձայն՝ պատգամավորները նախագահին են առաջադրել արտաքին քաղաքականությանը, գյուղատնտեսության ոլորտին, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերին վերաբերող հարցեր: Նախագահի ներկայացրած հաղորդման վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Էդուարդ Աղաբեկյանը, Վարդգես Բաղրյանը և Արթուր Թովմասյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ապրիլի 15-ի հանդիպմանը վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---