Սոցապ աշխատակիցների կոռուպցիոն սխեմա է բացահայտվել. Կալանավորված կա

Սոցապ աշխատակիցների կոռուպցիոն սխեմա է բացահայտվել. Կալանավորված կա

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները:

ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամ, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մ.Մ-ն և նույն հանձնաժողովի անդամները, գալով նախնական համաձայնության, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան բժշկասոցիալական փորձաքննություններ՝ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու, տևողության ժամկետները սահմանելու և քաղաքացիների օգտին այլ նախընտրելի որոշումներ կայացնելու դիմաց, 2018-ի դեկտեմբերից մինչև 2019-ի ապրիլը, տասնյակ անձանցից պահանջել և որպես խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 645,000 դրամ գումար՝ յուրաքանչյուրից 20-55,000-ական դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---