ՄԻՊ. Երեխայի լավագույն շահն առաջնահերթ է ցանկացած իրավիճակում

ՄԻՊ. Երեխայի լավագույն շահն առաջնահերթ է ցանկացած իրավիճակում

PanARMENIAN.Net - Երեխայի լավագույն շահն առաջնահերթ է ցանկացած իրավիճակում: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հայտարարության մեջ, որն ուսումնասիրել է հանրային քննարկումները, որոնք հաջորդել են երեխաների սեռական դաստիարակությանն առնչվող գրքի քննարկմանը նվիրված միջոցառմանը:

ՄԻՊ հայտարարության մեջ նշվում է, որ երեխայի լավագույն շահից է բխում դաստիարակվելն ու մեծանալը ընտանիքում՝ ծնողների հոգածության ու ուշադրության ներքո: Հայաստանի Սահմանադրությունը նախատեսել է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար: Հավասարապես պաշտպանված պետք է լինեն նաև այն երեխաները, ովքեր մեծանում և իրենց դաստիարակությունը ստանում են մանկատներում կամ այլ հաստատություններում:

Նշվում է նաև, որ դրանով հանդերձ, բոլորիս առաջնահերթ խնդիրներից է մեր երեխաների պաշտպանությունը ցանկացած տեսակի, այդ թվում՝ սեռական բնույթի ոտնձգություններից: Ցավոք, մեր երկրում առկա են սեռական բնույթի, այդ թվում՝ ծանր հետևանքներ ունեցող ոտնձգություններ երեխաների նկատմամբ, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները: Այդ ոտնձգություններից երեխաների պաշտպանության գրավականներից է թե՛ ծնողների, թե՛ երեխաների իրազեկվածությունը՝ վերջիններիս տարիքային զարգացմանը համահունչ, ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ:

«Ակնհայտ է, որ երեխաների դաստիարականության հարցերը զգայուն են և մեր հասարակությունում հատուկ ուշադրության ներքո են: Իրազեկման աշխատանքներն ինքնին կարևոր են, սակայն յուրաքանչյուր դեպքում նման պատասխանատու աշխատանքները պետք է նախապատրաստել, կազմակերպել և իրականացնել այնպես, որ դրանք հանրային նման արձագանքի կամ լարվածության առիթ չդառնան։

Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած սոցիալական ցանցերի դիտարկումն արձանագրել է, որ քննարկումները հաճախ ուղեկցվում են վիրավորանքով և արժանապատվությունը նսեմացնող գրառումներով ու մեկնաբանություններով: Այս ամենն, իհարկե, խաթարում է հանրային քննարկման ընթացքն ու թույլ չի տալիս հասկանալ քննարկվող հարցի էությունը:

Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը վիրավորանքից, արժանապատվությունը նսեմացնող խոսքից ու բռնության սպառնալիքից»,-ասվում է հայտարարության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով առհասարակ իրազեկման աշխատանքները և ունենալով այդպիսի իրավական մանդատ, կուսումնասիրի ոլորտը՝ համապատասխան քայլեր նախանշելու ու ձեռնարկելու համար:

Մայիսի 4-ին մի խումբ մարդիկ խափանել են «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում խստորեն դատապարտել է միջադեպն ու նշել, որ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---