Մոսկվան քննադատել է ՀՀԿ-ին ու «Սասնա ծռերին» Նժդեհի ու ազգայնականության համար

Մոսկվան քննադատել է ՀՀԿ-ին ու  «Սասնա ծռերին» Նժդեհի ու ազգայնականության համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը զեկույց է պատրաստել աշխարհի տարբեր երկրներում նացիզմի հերոսացման, նեոնացիզմի տարածման, ազգային և կրոնական խտրականության վերաբերյալ, որում քննադատել է ՀՀԿ-ին ու «Սասնա ծռերին» համապատասխանաբար Նժդեհի արձանի տեղադրման ու ազգայնականության համար:

ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկանքում նշվում է, որ ՀՀԿ-ն «ոչ միանշանակ ազգայնական քաղաքական գործիչ» Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող քայլեր է իրականացրել, «որի՝ Երրորդ Ռայխի հետ գործակցության մասին տեղեկություններ կան»:

Նշվում է, որ քաղաքական կուսակցությունների թվում ազգայնական կողմնորոշում ունի «Սասնա ծռեր» կուսակցությունը, որի գաղափարախոսության հիմքում 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի մերժումն է, ինչը կուսակցությունը համարում է ռուս-թուրքական հանցավոր գործակցության արդյունք: «Կուսակցության հայտարարված նպատակներն են նոր Հայաստանի ստեղծումը, ներառյալ ինչպես երկրի ներկայիս սահմանները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը: Ծրագրային դրույթներում շեշտվում է ռուսական, այսպես ասած, գաղութարար քաղաքականության հետևանքով ոտնահարված իրավունքների վերականգնումը, ՀՀ-ի վերահսկողությունը Նախիջևանի և Ախուրյան գետից արևմուտք ընկած տարածքների վրա», - նշվում է ՌԴ ԱԳՆ տեղեկանքում:

Ընդհանուր առմամբ նշում է, որ ռասիզմի ու քսենոֆոբիայի դրսևորումները ՀՀ-ում բացառություն են։ Հաճախ հանդիպում է այցելող Հնդկաստանի ու Իրանի քաղաքացիների հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունք, ինչը, սակայն, պայմանավորված է այցելուների ոչ հարիր վարքով։

2016 թվականին Երևանում տեղադրվել է հայ ռազմական, քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը, ինչին բացասական էր արձագանքել Մոսկվան: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ իրենք «զարմացած են» Երևանում Վերմախտի Հայկական լեգեոնի ստեղծողներից Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստից:

«Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի ցանկացած դրսևորումների հերոսացմանը ևս բոլորը լավ գիտեն... մեզ համար անհասկանալի է, ինչու է տեղադրվել տվյալ արձանը, չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ազգի անմահ հերոսության մասին», - ասել էր Զախարովան:

Նժդեհը 1919-ի օգոստոսից Զանգեզուրում եղել է զիված ուժերի հրամանատար՝ ղեկավարելով թուրք-թաթարական զորքերի դեմ դիմադրությունը: Նժդեհը չի ընդունել Խորհրդային Ռուսաստանի և ՀՀ միջև 1920-ի օգոստոսի 10-ին կնքված համաձայնագիրը, որով Կարմիր բանակը գրավելու էր Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, և շարունակել է պայքարը, իսկ հոկտեմբերի 10-ին Նժդեհի գլխավորությամբ սկսվել է համազանգեգուրյան ապստամբությունը: Նոյեմբերի 21-ին Կարմիր բանակը պարտված հեռացել է Գորիսից: 1920-ի դեկտեմբերի 25-ին Նժդեհը ընտրվել է «Ինքնավար Սյունիքի» (Լեռնահայաստանի Հանրապետություն) սպարապետ՝ դիկտատորի լիազորություններով: Նժդեհի գործունեությունը խափանել է Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հետ Զանգեզուրը ևս Ադրբեջանին հանձնելու բոլշևիկյան ծրագիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---