Վիտալի Բալասանյանը նոր շարժում սկսելու մասին է հայտարարել

Վիտալի Բալասանյանը նոր շարժում սկսելու մասին է հայտարարել

PanARMENIAN.Net - Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի ղեկավար Վիտալի Բալասանյանը հայտարարել է «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Նրա ուղերձում մասնավորապես ասվում է.«Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ և հզոր Հայաստանի ստեղծմանը: Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը հաճախ է պարտադրված եղել ցուցադրել ապրելու, հարատևելու իր իրավունքն ու կենսունակությունը, արժանապատվությամբ անցնել անկանխատեսելի փորձությունների քուրայով, որպեսզի այսօր աշխարհին կարողանանք ներկայանալ ավելի թրծված ու բյուրեղացած:

Այսօր ես ներքին անհանգստությամբ եմ արձանագրում, որ ոչ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը, հեղինակություն վայելող անհատներն են գիտակցում հայկական պետականության շուրջ ստեղծված իրավիճակի լրջությունն ու դրանից բխող վտանգավոր հետևանքները: Որոշ խմբեր և քաղաքական ուժեր, շահարկելով մարդկանց հայրենասիրական զգացմունքները, առաջ են քաշում ժամանակավրեպ լոզունգներ՝ քողարկելով շահադիտական իրենց նպատակները, ինչը ես որակում եմ որպես անհանդուրժելի, հայության նպատակների տառին ու ոգուն անհարիր, ապազգային վտանգավոր երևույթ: Համոզված եմ, որ օրվա հրամայականն է ուղիներ որոնել մեր ազգի հնարավորությունները լիարժեք և նպատակային օգտագործելու համար»:

Բալասանյանը նշել է, որ նկատի ունենալով այս ամենը, որոշում է կայացրել հանդես գալ նախաձեռնությամբ և հայտարարում է «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին:

«Շարժման նպատակն է Միացյալ և Հզոր Հայաստանի ստեղծումը՝ հետևյալ խնդիրների լուծմամբ.

-Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում.

-Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդում.

-Սփյուռքի հետ համագործակցության սերտացում և ազգային արժեքների պահպանություն:

Շարժմանը կարող են միանալ հասարակական, քաղաքական, մարդասիրական և այլ կազմակերպություններ ու անհատներ: Սիրելի հայրենակիցներ, միանալով «Հանուն Արցախի» համազգային շարժմանը, Ձեր ազգանվեր գաղափարներով ու առաջարկներով Դուք գործուն մասնակցություն կունենաք մեր գերնպատակի իրագործմանը»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին քաղաքական կոնսուլտացիաներ կսկսի 2020-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---