Պաշտպան. Մանվել Գրիգորյանին միտումնավոր պահում են կալանքի տակ՝ հասկանալով, որ կյանքին վտանգ կա

Պաշտպան. Մանվել Գրիգորյանին միտումնավոր պահում են կալանքի տակ՝ հասկանալով, որ կյանքին վտանգ կա

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի կրման ժամանակշրջանում վերջինիս հիվանդությունները բացասական դինամիկա են կրում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Իմ կարծիքով՝ անձին միտումնավոր պահում են կալանքի տակ՝ լավ հասկանալով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում»,-ասել է փաստաբանը, հայտնում է Aysor.am-ը:

«Կալանքը կիրառելն ուղղակի անթույլատրելի է։ Բարձրաձայնեցինք, տարբեր ներպետական ատյանների դիմեցինք, բայց ոչ մի արդյունքի չհասանք։ Այնուհետև դիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ունեցանք ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումը։ Բայց այս ընթացքում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ոչ միայն բացասական դինամիկա է գրանցել, այլ մեկ տարի առաջվա համեմատ հասել է այնպիսի աստիճանի, որ Գրիգորյանը ընդհանրապես չի կարողանում քայլել»,-ասել է նա։

Պաշտպանը հավելել է, որ Գրիգորյանն անդամալույծի կարգավիճակ է ստացել, և «դա տիպիկ խոշտանգման օրինակ է»։

«Եթե ներպետական ատյաններում մեր պաշտպանյալի կալանքը չփոխարինվի այլընտրանքային միջոցով, հաջորդ օրն իսկ դիմելու եմ ՄԻԵԴ՝ կիրառելու անհապաղ միջոցառումներ», - նշել է բանախոսը։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---