«Սասնա ծռեր». Բիլյանի ու Բարսեղյանի՝ բանտից դուրս գալուն ոչինչ չի խանգարում

«Սասնա ծռեր». Բիլյանի ու Բարսեղյանի՝ բանտից դուրս գալուն ոչինչ չի խանգարում

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի՝ կալանքի տակ գտնվելու վերաբերյալ:

Ըստ հայտարարության հեղինակների՝ «որևէ խանգարող հանգամանք չկա, որ նրանք դուրս գան բանտից և ոչ կալանավորի կարգավիճակով գնան դատարան»։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ավելի քան մեկ տարի է անցել ազգադավ ու ոճրագործ ռեժիմի տապալումից։ Սակայն, ի զարմանս բազմահազար քաղաքացիների, ոչ միայն չի դադարեցվել նրա դեմ ապստամբած Սասնա Ծռեր խմբավորման անդամների նկատմամբ ռեժիմի հարուցած շինծու մեղադրանքը, այլև նույնիսկ չի փոփոխվել խմբավորման անդամներից Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը և նրանք դեռևս գտնվում են բանտում՝ մինչ օրս մնալով որպես ռազմագերիներ ու քաղբանտարկյալներ։

Շատ ցավալի էր, որ Նիկոլ Փաշինյանը ռազմագերի ապստամբներին անհապաղ ազատելու փոխարեն նրանց հանձնեց տասնամյակներ շարունակ ռեժիմի գործիքի վերածված դատաիրավական համակարգի հայեցողությանը։ Այն համակարգին, որի դեմ ապստամբեց ու որին մերժեց մեր ամբողջ ժողովուրդը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Սասնա Ծռերը, հանուն ազգային ու պետական շահի՝ նույնիսկ իրենց իրավունքների հաշվին, աջակցեցին ռեժիմին տապալած ժողովրդին առաջնորդած Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որպեսզի իրենց խղճի և ժողովրդի ու պատմության առաջ մաքուր լինեն։

«Այդ տրամաբանությամբ, ղեկավարվելով ազգի և հանրային համերաշխության գերակայության գիտակցությամբ, նրանք համաձայնեցին իրենց համար խիստ վիրավորական համաներման կիրառմանը, որը, սակայն, նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության կամքով ու ձեռքով վերածվեց ծուղակի և էլ ավելի խորացրեց ճգնաժամը՝ ոտնահարելով նույն ազգային շահը և հանրային համերաշխությունը։

Իրավունքի, արժանապատվության, մեր պետականության և ազգի դեմ, մեղմ ասած, վտանգավոր ու վիրավորական երկակի ստանդարտներով իրականացվող այս չարդարադատությունը չի կարող երկար շարունակվել։ Առաջիկայում, իհարկե, կներկայացնենք երևույթի վերաբերյալ մեր ամբողջական գնահատականը, իսկ այսօր, հուլիսի 10-֊ին նշանակված Սասնա Ծռեր խմբավորման անդամների 1-ին խմբի դատավարության հերթական նիստին ընդառաջ, կարևորում ենք Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու հարցը։

Որևէ խանգարող հանգամանք չկա, որ նրանք դուրս գան բանտից և ոչ կալանավորի կարգավիճակով գնան դատարան։ Ընդհակառակը, նման քայլը զգալի չափով կփարատի արդարության վերականգնման հեռանկարի նկատմամբ հանրային կասկածները և կչեզոքացնի ճգնաժամի խորացման միտումները։

Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին կան Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու տարատեսակ իրավաչափ հնարավորություններ։ Դեռևս ուշ չէ բավարար ցանկություն ու կամք դրսևորելու և առաջին քայլը կատարելու համար,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ դեմ է զինված խմբավորման անդամների նկատմամբ համաներման կիրառմանը: ՊՊԾ գնդի գրավման ընթացքում զոհված երեք ոստիկանի հարազատները նույնպես առարկել են նրանց նկատմամբ համաներում կիրառելուն:

«Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---