ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ կարգավորումը

ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ կարգավորումը

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով կանոնավոր հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու, գնահատելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա փուլը և ուղենշելու հետագա քայլերը: «Սա արտահայտում է մեր գերակա նպատակը. Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության ամրապնդումը, որի ապահովումն առաջին օրվանից եղել է մեր նպատակը։ Սա շատ պրակտիկ, պրագմատիկ նպատակ է, որովհետև եթե մենք իրապես ցանկանում ենք խաղաղ կարգավորման մեջ գործնական շարժում, այս հիմնախնդրի հիմնական սուբյեկտի ներգրավվածությունը մնում է կարևոր»,- նշեց Հայաստանի ԱԳ նախարարը:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցերի։ Երկուստեք ընդգծվեց խաղաղ գործընթացի առաջմղման համար նպաստավոր մթնոլորտի ձևավորման ուղղությամբ իրական քայլերի ձեռնարկումը։

Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը անդրադարձել են տարբեր ոլորտներում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցությանը և միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկմանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլանը, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Այնուհետև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Մասիս Մայիլյանը ճեպազրույց են ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---