Հայ PR մասնագետները Գերմանիայում տասնյակ եվրոպացի երիտասարդների են վերապատրաստել

Հայ PR մասնագետները Գերմանիայում տասնյակ եվրոպացի երիտասարդների են վերապատրաստել

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ից 22-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում անցկացվել է 4Ps4YOUth կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագիրը՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությանն նախաձեռնությամբ:

Հայաստանյան գործընկերն էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը:

Ուսուցողական դասընթացին մասնակցում էին եվրոպական տարբեր երկրների քաղաքացիական հասարակության, կրթության համակարգի ներկայացուցիչներ, որոնք համատեղ քննարկել են հանրային կապերի զարգացման միտումները, հաղորդակցային արդի գործիքներն ու դրանց կիրառումը գործնականում:

«Հայկական PR ասոցիացիայի» նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանի խոսքով, նմանատիպ ծրագրերը յուրօրինակ հարթակ են մասնակիցների փորձի փոխանակման, գիտելիքների և հմտությունների ձեռքբերման համար:

«Երբ պատրաստվում էինք դիմել Եվրամիության Erasmus+ ծրագրին, ուսումնասիրեցինք և պարզեցինք, որ հասարակական կազմակերպությունները, երիտասարդական կառույցները, բուհերը բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, սակայն ոչ միշտ են կարողանում դրանք հասցնել մեծ լսարանին, հանրայնացնել, տեսանելի դարձնել, որն էլ, բնականաբար, կապահովի ծրագրերի շարունակականությունն ու հաղորդակցման տարատեսակ մոդելների ու գործիքների կիրառումը,- պարզաբանել է Աստղիկ Ավետիսյանը:

Ծրագրի համակարգող, «Հայկական PR ասոցիացիայի» փոխնախագահ Արման Գրիգորյանն ընդգծել է ծրագրի՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ անցկացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ծրագրի ընթացքում մասնակիցներին տեղեկատվություն փոխանցեց տրամաբանական կառուցվածքով հաղորդակցության, հանրային կապերի, արդի գործիքների և տեխնոլոգիաների մասին:

Եվրամիության երիտասարդության հարցերով փորձագետ, միջազգային ուսուցանող Ատոմ Մխիթարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է ժողովրդավարության և մասնակցության գործընթացների վրա, պարզաբանել է, թե ինչպես կարելի է մասնակցել որոշումների կայացմանը, ժողովրդավարության ինչպիսի մոդելներ գոյություն ունեն:

Դասընթացի համար հրավիրվել էր նաև հատուկ բանախոս՝ հայտնի ճառագիր, հաղորդակցության և հանրային կապերի խորհրդատու, գերմանախոս երկրների ճառագիրների ասոցիացիայի անդամ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլը: Նա կարևորել է հաղորդակցության մեջ լռության դերը:

Կազմակերպվել է նաև շրջայց Բեռլինի հաղորդակցության թանգարան, որտեղ մասնակիցները ծանոթացան հաղորդակցության զարգացման պատմությանը և արդի տեխնոլոգիաների կիրառման նորարարական լուծումներին: Խմբային աշխատասրահներում քննարկվեցին տարբեր իրավիճակներ հաղորդակցության ռազմավարության մշակման, քարոզարշավներ իրականացնելու մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---