Չարաշահումներ՝ Արծվանիստում. Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Չարաշահումներ՝ Արծվանիստում. Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Չարաշահումներ են բացահայտվել Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արծվանիստ համայնքի ղեկավարը 2016-ի նոյեմբեր ամսից մինչև 2018-ի ամառն ընկած ժամանակահատվածում նույն համայնքի ջրագծի խողովակներն ապամոնտաժել է՝ գյուղատնտեսության նախարարության կողմից «Ծրագրի իրականացման գործընթաց» նախագծի շրջանակներում նոր ջրագիծ անցկացնելու համար, սակայն դրանց մի մասը տվել է համագյուղացիներին, մի մասն էլ տարել է իր տան բակ՝ այսպիսով համայնքին պատճառելով 7 միլիոն դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով [յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով]: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 4 միլիոն 607 հազար դրամը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---