17 հոկտեմբերի 2008 - 18:18 AMT
Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կքննարկի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերը IPAP շրջանակներում
Հոկտեմբերի 19-21-ը հերթական աշխատանքային այցով Երեւան է ժամանելու Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Արտակարգ իրավիճակների նախարարի, ԱԺ Ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

ՆԱՏՕ-ի պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված համագործակցության ընթացքը եւ հեռանկարները: Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Հայաստանում տեղի ունեցող «Համատեղ երկար աղեղ, նիզակակիր» (Cooperative Lancer/Longbow) ՆԱՏՕ-ի եւ Եվրատլանտյան համագործակցության խորհրդի ձեւաչափով զորավարժության եզրափակիչ միջոցառումներին: