ՔԿ. Հարությունյանը դեպքից առաջ զգալի քանակությամբ ալկոհոլ է օգտագործել

ՔԿ. Հարությունյանը դեպքից առաջ զգալի քանակությամբ ալկոհոլ է օգտագործել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերել Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին հայտնաբերվել են «ՊՍՄ» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական դատամատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ըստ ՔԿ հաղորդագրության, մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում Հարությունյանի հետ գտնվող անձը: Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:

Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն հերքել են զլմ-ներից մեկի տարածած տեղեկությունն այն մասին, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մահից առաջ մեղադրել է ՀՔԾ պետին ու Գլխավոր դատախազին իրենից Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք կորզելու փորձերի մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---