Ավստրալացի պատգամավոր. Ժողովրդավարական Արցախը պետք է ապրի և աշխարհը պետք է ճանաչի այն

Ավստրալացի պատգամավոր. Ժողովրդավարական Արցախը պետք է ապրի և աշխարհը պետք է ճանաչի այն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին և Հյու Մաք-Դերմոթին, ովքեր Արցախում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ:

Ավստրալացի պատգամավոր Հյու Մաք-Դերմոթը պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս աջակցելու Արցախին՝ նշելով, որ ժողովրդավարական այդ երկիրը պետք է ապրի և աշխարհը պետք է ճանաչի այն:

ԱԺ նախագահը երախտիքի խոսք է հայտնել հյուրերին՝ Ավստրալիայի և Արցախի կապերի ինստիտուցիոնալացմանն ուղղված գործունեության և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին՝ հետևողական և արդյունավետ աշխատանքի համար: Աշոտ Ղուլյանը, խոսելով Ավստրալիայի և Արցախի համագործակցության հեռանկարների մասին, անդրադարձել է սեպտեմբերի 24-ին «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ստեղծմանը:

«Սա այն մեծ գործի շարունակությունն է, որ դուք սկսել եք օգոստոսի 1-ին՝ ձևավորելով «Արցախի Ավստրալիացի բարեկամներ» խումբը»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը, հայտնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը խոսել է հայ-ավսրալիական վաղեմի բարեկամության մասին հատկապես հայոց ցեղասպանության տարիներին: Խորհրդարանականը կարևորել է ավստրալահայերի դերակատարությունը՝ այն համարելով մարդկային կամուրջ՝ երկու երկրների միջև: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը հյուրերին է հանձնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ջոն Ալեքսանդրին շնորհված «Վաչագան Բարեպաշտ» և Հյու Մաք-Դերմոթին շնորհված «Երախտագիտություն» պետական պարգևները:

Ավստրալիայի խորհրդարանականներն այնուհետև հանդիպել են «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ շրջանակի նախագահ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել այս տարիներին խորհրդարանականների կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ այսուհետ ևս կքայլեն միասին՝ կիսելով համատեղ հաջողությունները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության ուղղությունների ամրագրումը և պարբերական շփումների անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր, «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նախագահ Դավիթ Իշխանյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---