Մարզերում և Երևանի վարչական շրջաններում կարող է ամեն բուքմեյքերից մեկական գրասենյակ մնալ

Մարզերում և Երևանի վարչական շրջաններում կարող է ամեն բուքմեյքերից մեկական գրասենյակ մնալ

PanARMENIAN.Net - ԱԺ-ն քննարկում է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Սիփան Փաշինյանի մշակած՝ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ օրենքի նախագծի շուրջ բազմաթիվ քննարկումներ և առաջարկներ են եղել պատգամավորների կողմից: Մասնավորապես դրանցից ընդունվել են՝ բուքմեյքերական գրասենյակի տարածքը սահմանափակելու (200 մետր քառակուսուց ոչ մեծ), դատարանի ուժի մեջ մտած վճիռը ստուգելու (ամուսինները դատական կարգով կարող են արգելել միմյանց մուտք գործել խաղասրահ), խաղասրահ մուտք գործողի տարիքը ստուգելու մասին առաջարկները:

Մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով, հնարավոր է սահմանափակել քաղաքացու գործունակությունը և Լիազոր մարմնի վճռից երեք օր հետո տեղեկացնել այդ մասին խաղասրահներին, բուքմեյքերական ընկերություններին՝ հնարավորություն չտալով անձին գրանցվել օնլայն կամ շարունակել օգտագործել բուքմեյքերական կայքերում ունեցած հաշիվները:

Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի առաջարկի՝ յուրաքանչյուր մարզկենտրոնում անհրաժեշտ է թողնել մեկական բուքմեյքերական գրասենյակ՝ ամեն կազմակերպության համար: Երևան քաղաքի ամեն մի վարչական շրջանում ևս առաջարկվում է թույլատրել մեկական բուքմեյքերական գրասենյակ: Նույն առաջարկը տարածվում է նաև Սևան, Ձաղկաձոր, Մեղրի, Ջերմուկ քաղաքների վրա. Այս քաղաքներում տուրիզմի զարգացման նպատակով արդեն թույլատրված են խաղատները:

Սեպտեմբերի 28-ին օրենքում փոփոխությունների առաջարկով էր հանդես եկել «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ առաջարկելով քրեականացնել «պարտքով (նիսիա) խաղադրույք» ընդունելը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---