27 հոկտեմբերի 2008 - 16:47 AMT
Երեւանում կանցնի առաջին ռուսական արդյունաբերական «Expo-Russia Armenia» ցուցահանդեսը
2008 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա առաջին ռուսական արդյունաբերական «Expo-Russia Armenia» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` «Զառուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել «Զառուբեժ-Էքսպո» ընկերությունում, «Expo-Russia»-ն հանդիսանում է 2008թ. ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 3-ը Ծաղկաձորում կայացած հայ-ռուսական գործարար համաժողովի տրամաբանական շարունակությունը: Երկու նախագծերի նպատակն է տնտեսական, մշակութային, քաղաքական, գիտա-տեխնիկական համագործակցության զարգացումը Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ, կապերի հաստատումն ու զարգացումը երկրների միջեւ, համատեղ բիզնեսի, առեւտրատնտեսական եւ ներդրումային հարաբերությունների զարգացումը:

«Զառուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահ Դավիդ Վարդանովը համոզված է, որ «Expo-Russia» առաջին ռուսական արդյունաբերական ցուցահանդեսը Հայաստանում հսկայական դեր կունենա երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման համար, կդառնա լավագույն գործարար հարթակը:

Ցուցահանդեսը կկազմակերպվի մի քանի թեմատիկ բաժիններով, այդ թվում` մեքենաշինություն, շինարարություն, տրանսպորտ եւ լոգիստիկա, երկրաբանություն եւ լեռնահանքային արդյունաբերություն, էներգետիկա, մետալուրգիա, հեռահաղորդակցություններ եւ կապ, բժշկություն եւ առողջապահություն, գյուղատնտեսություն եւ սննդամթերք, ինովացիաներ եւ ներդրումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, քիմիական արդյունաբերություն, կրթություն, ոսկերչություն:

«Մենք հուսով ենք, որ այս նախագիծը շատ ակտուալ, պահանջված ու հաջող կլինի: Ավելին, մենք համոզված ենք, որ այն ամենամյա կդառնա»,-ասել է Դ.Վարդանովը:

«Expo-Russia»-ին կմասնակցեն ավելի քան 50 ռուսական ընկերություններ Ռուսաստանի տարբեր քաղաքներից` Մոսկվայից, Մոսկվայի մարզից, Սանքտ Պետերբուրգից, Դոնի Ռոստովից, Չելյաբինսկից, Վորոնեժից, Վոլգոգրադից, Մագնիտոգորսկից, Իվանովոից, Կուրսկից, Սամարայից, Եկատերինբուրգից, Յարոսլավլից, Սմոլենսկից, Նովոսիբիրսկից, Նիժնի Նովգորոդից, Կրասնոյարսկից, Աստրախանից եւ այլն: