Վարչապետ. Կինն ու տղամարդն ընտանիքը պահպանելու համար հավասարաչափ պետք է ջանան

Վարչապետ. Կինն ու տղամարդն ընտանիքը պահպանելու համար  հավասարաչափ պետք է ջանան

PanARMENIAN.Net - Ընտանիքի պահպանման համար հավասարաչափ ջանք պետք է գործադրեն և՛ կինը, և՛ տղամարդը:

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կարծիքին, թե կանանց իրավունքների պաշտպանությունը և արձանագրումը կարող է խարխլել ընտանիքը:

«Իրականում սրա մեջ տեխնիկական առումով ճշմարտության չափաբաժին կա: Որովհետև, եթե ընդհանուր ավանդույթը և տրամաբանությունն այն է, որ, օրինակ, կինը պետք է ընտանիքում բռնության ենթարկվի, կներեք կոպիտ օրինակի համար, ամուսինը պետք է պարբերաբար ծեծի կնոջը, և ընդհանուր կոնտեքստն այն է, որ կինը պետք է դա հանդուրժի: Իսկ, երբ կինը ինքնավստահ է և, ինչ-որ առումով, զգում է հանրության պաշտպանությունը, ինչ-որ պահի կասի՝ «հերիք է, զզվեցի, թողնում եմ գնամ»: Եվ այստեղ ընտանիքը ֆորմալ առումով քանդվեց»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ընտանիքում մեկը չի կարող միայն իրավունքներ ունենալ, մյուսը՝ միայն պարտականություններ:

«Այդպես չի լինում: Դա դե ֆակտո ընտաիք չէ: Մենք ասում ենք՝ այո՛, ընտանիքը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց, ընտանիքը, որի պահպանման համար հավասարապես ջանք չեն գործադրում բոլոր անդամները, չի գոյատևում»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իրականում հենց դա է ազգային ավանդույթներին համապատասխանում:

Վարչապետի խոսքով՝ կանանց և մայրերի կենացը խմելուց զատ՝ պետք է ապրել այդ ավանդույթի շրջանակում, հարգանք ցուցաբերել՝ անձի, նրա իրավունքների և հնարավորությունների հանդեպ:

«Բոլոր նրանք, ովքեր փորձ են անում ցույց տալ, որ ՀՀ ժողովուրդը այլ կերպ է մտածում, իրենք վաղուց կորցրել են կապը հայ ժողովրդի և ՀՀ քաղաքացիների հետ»,-եզրափակել է Փշինյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---