«Դիանա Հարությունյան» FB կեղծ օգտատերը կալանավորվել է

«Դիանա Հարությունյան» FB կեղծ օգտատերը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Դատարանը բավարարել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, հայտնում է Panorama.am-ը ԱԱԾ մամուլի կենտրոնի վրա հղումով:

«Դիանա Հարությունյան» օգտատերը ձերբակալվել էր հունվարի 5-ին։ 72 ժամը լրանալուց հետո կալանավորվել է։

«Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 254 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- հայտնել են ԱԱԾ-ից։

ՔՕ 226 հոդվածի 2.1 կետը սահմանում է. «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները որոնք կատարվել են պատժվում են ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»։

ՔՕ 254 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»։

Հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, իբրև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածվել էր նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Ձերբակալված անձն ասել էր, որ հրապարակումն արել է ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ և «անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»։ Նա հավելել էր նաև, որ չի պատկերացրել, թե ինչ հետևանքների կհանգեցնի իր արարքը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---