Երբ սիրել կարող են միայն հարուստները, որովհետև թանկ է. Վալենտինի օրը՝ աստղաբաշխական գներով

Երբ սիրել կարող են միայն հարուստները, որովհետև թանկ է. Վալենտինի օրը՝ աստղաբաշխական գներով

PanARMENIAN.Net - Որևէ մեկը հիշո՞ւմ է այն պահը, երբ Վալենտինի օրը դարձավ եթե ոչ Նոր տարվա չափ կարևոր, ապա դրանից հետո երկրորդ տոնը՝ թե՛ նշելու պաթոսով, թե՛ թանկարժեքությամբ: Ես դժվարանում եմ հիշել, բայց անցած տարվանից այդ տենդենցն արդեն նկատվում էր:

Փետրվարի 14-ին սկսում են պատրաստվել գրեթե տոնածառը հավաքելուց անմիջապես հետո. սրճարաններն ու ռետորանները բացում են սոցցանցերում իվենթներ, սկսում հրավիրել արտիստների, դիջեյներն ու երգիչներն այդ օրվա համար «թվեր են կրակում», ռեստորաններն իրենց հերթին այդ գումարները վերադարձնելու համար էլ ավելի մեծ «թվեր են կրակում» հաճախորդների դեմքին: Ամեն տեղի համար նույնիսկ ամենահասարակ սրճարանում սահմանվում է մուտքավճար, խանութներից կորում են ամանորյա խաղալիքներն ու դրանց փոխարեն հայտնվում կարմիր փափուկ սրտիկներն ու մարդաբոյ Թեդդի արջուկները, որոնք ստեղծված են հատուկ նիվաների տանիքներին կապելու, ամբողջ քաղաքով շրջելու, հարևանների «աչքը մտցնելու», իսկ այնուհետև ինչ-որ աղջիկների ննջասենյակների անկյուններում մոռացվելու ու տան ամբողջ փոշին կլանելու համար: Դեռ մի քանի տարի առաջ մուտքավճար հասկացությունը ռեստորաններում գործում էր հատուկ օրերին՝ Ամանորին, Մարտի 8-ին, իսկ սրճարաններում իսպառ բացակայում էր: Բայց այսօր, արի ու տես, հայտնվել է «Նոր տարուց հետո երկրորդ տոնը», որն այնքան թանկ է նստում, որ, կարծես, ստեղծված է հատուկ «Հիսուսից հետո երկրորդ մարդու» համար (if you know what I mean):

Մուտքավճար ասելիս՝ խոսքը սիմվոլիկ 3000 դրամի մասին չէ. սրճարաններում և ռեստորաններում մուտքի համար միջինում 10,000 դրամ են ուզում, իսկ որոշ տեղերում հասնում է 20-25,000 դրամի: Եվ միշտ չէ, որ դրա մեջ նաև հյուրասիրություն է մտնում. երբեմն այդ գումարը տրվում է միայն տվյալ ժամանցի վայր մուտք գործելու համար: Եվ նույնիսկ չեմ անդրադառնում այդ օրվա թանկարժեք ծաղիկներին: Մինչդեռ Վալենտինի օրը շատ սիմվոլիկ տոն է. արևմուտքում ընդունված է այդ օրը բացիկներ նվիրել, փոքր փափուկ խաղալիքներ, սրտիկի տեսքով կոնֆետներ, այլ քաղցրավենիք և սուվենիրներ:

Բայց մեզ՝ հայերիս, նման մանր նվերներով չես հրապուրի: Մենք, որ վարկով Նոր տարի ենք անում, անանասով հարևաններին զարմացնում և մեկ օրում ծախսում ամբողջ տարվա կուտակածը, բա ինչ-որ սրտիկաձև կոնֆետներով կխաբվե՞նք: Ո՛չ, մենք գիտենք, որ իսկական սերը թանկ է, իսկ այժմ նաև թանկարժեք՝ բառի բուն իմաստով. թանկ է և հասանելի միայն հարուստներին կամ ոսկե շղթան ժամանակին լոմբարդ դրածներին:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---