Գործադիրը քննարկում է կորոնավիրուսի դեմ պայքարը. ՀՀ-ում վարակ չկա, պայքարի միջոցներ են ձեռնարկվում

Գործադիրը քննարկում է կորոնավիրուսի դեմ պայքարը. ՀՀ-ում վարակ չկա, պայքարի միջոցներ են ձեռնարկվում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են կորոնավիրուսի դեմ պայքարում, և եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստի ընթացքում նա հիշեցրել է, որ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել զինված ուժերում՝ ևս մեկ անգամ հորդորելով զինծառայողների ծնողներին ու հարազատներին ըմբռնումով մոտենալ:

Փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելվել են զինծառայողների այցելությունները: Արգելվել են նաև պարտադիր ժամկետայինների արձակուրդներն ու ազատ արձակումները:

«Ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բայց ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն՝ բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից»,- ասել է Փաշինյանը՝ կոչ անելով քաղաքացիներին ապրել իրենց բնականոն կյանքով։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին ևս նշել է, որ որևէ հաստատված դեպք դեռևս չկա Հայաստանում, իսկ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը բուժվում է, մեծ մասը՝ ինքնուրույն, բժշկական միջամտության կարիք չկա։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակված մարդը կարող է և կարծել, որ գրիպով է վարակված. միայն ծանր դեպքերում է բուժմիջամտություն պահանջվում, իսկ ծանր դեպքերը մոտ 5% են կազմում:

Վարչապետը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է մարդ կորոնավիրուսով վարակվի, թեյ խմի, սուրճ խմի, օղի խմի և հաջորդ օրը վեր կենա, գնա իր գործին։ Թորոսյանը պատասխանել է՝ այո, և դա իր և լավ, և թե վատ կողմերն ունի, քանի որ մարդը չի կարող իմանալ, որ վարակվել է:

Նախարարը նշել է նաև, որ մինչև օրս ՀՀ-ում կատարվել է 95 հետազոտություն, բոլոր թեստերի արդյունքները բացասական են եղել։ Ներկայումս ՀՀ-ում կա 850 հետազոտության տեստ, ևս 3000-ը շուտով կստանան։

ՀՀ-ն երկու շաբաթով փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը և սահմանափակել ավիահաղորդակցությունը: Երկու ամսով դադարեցվելէ նաև դեպի Չինաստան մուտքի ազատ վիզան: Փետրվարի 27-ի դրությամբ՝ հարևան Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը 19 է, Վրաստանում հայտարարվել է վարակի 1 դեպքի մասին. քաղաքացին Իրանից Ադրբեջանի տարածքով է վերադարձել Վրաստան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---