Սևան ազգային պարկում հողամաս է զավթվել. Դատախազությունը դիմել է նախարարություն

Սևան ազգային պարկում հողամաս է զավթվել. Դատախազությունը դիմել է նախարարություն

PanARMENIAN.Net - «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10,526 քմ հողամասը զավթվել է, և 2015-ին, առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, տեղում ինքնակամ կառուցվել են շենքեր և շինություններ, հայտնում են դատախազությունից:

ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Դրախտիկ համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք, հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ դիտավորությամբ միջոցներ չեն ձեռնարկել, վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել: Սակայն, քանի որ բոլոր պաշտոնատար անձինք զղջացել են կատարած արարքի համար և խնդրել իրենց նկատմամբ քհետապնդում չիրականացնել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ համաներման ակտի ընդունման և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով:

2016-ին դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից հիշյալ հողամասի վերաբերյալ անցկացվել է մրցույթ, հաղթել է Երևան քաղաքի մի բնակիչ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի 2016թ. դեկտեմբերի 26-ի որոշման հիման վրա այդ անձին 25 տարի ժամկետով վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել է նշված հասցեում գտնվող հողամասը՝ 2 տարվա ընթացքում 250 մլն ՀՀ դրամ ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար:

Դատախազությունից նշում են, որ 2017-ի մայիսին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը, փաստորեն, այն դեպքում, երբ արդեն իսկ հողամասը զավթված է եղել և դրա վրա ինքնակամ կառուցված են եղել շենքեր և շինություններ:

Համայնքի ղեկավարը, հստակ իմանալով արդեն իսկ կառուցված՝ ամառանոցի առակայության մասին, հողամասի վերաբերյալ պատրաստել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք, որում մտցրել է կեղծ տեղեկություններ, առ այն, որ նշված հողամասը չկառուցապատված, կիսով չափ ծառապատված տարածք է:

Իսկ ՊՈԱԿ-ի և քաղաքացու միջև 2017-ի մայիսին կնքված պայմանագրով կառուցապատում իրականացնելու ժամկետ չի սահմանվել, իսկ դրանից հետո առ այսօր համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին շինարարության թույլտվություն չի տրամադրվել։

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է շրջակա միջավայրի նախարարություն՝ քննարկելու վերոնշյալ իրավական հիմքերով կառուցապատողի իրավունքը դադարեցնելու պահանջով դատարան հայց հարուցելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունների հետագա տնօրինման հարցերը:

Ըստ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, եթե կառուցապատման համար տրամադրված հողամասը կամ դրա մասը երեք տարվա ընթացքում չի օգտագործվել: 2020թ․ մայիսի 3-ին սպառվում է կառուցապատում իրականացնելու և ավարտելու ժամկետը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---