Տեղեկատվությունը՝ միայն պաշտոնական. ԶԼՄ-ները պարտավոր են օգտվել միայն պետական աղբյուրներից

Տեղեկատվությունը՝ միայն պաշտոնական. ԶԼՄ-ները պարտավոր են օգտվել միայն պետական աղբյուրներից

PanARMENIAN.Net - Լրատվամիջոցները հրապարակումներ անելիս պետք է նկատի ունենան, որ Կառավարության որոշմամբ՝ ՀՀ սահմաններում և դրանցից դուրս կորոնավիրուսի տարածման դեպքերի և հիվանդների առողջական վիճակի, վարակվածների հետ շփված անձանց մասին հրապարակումներ անել չեն կարող, PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Անդրադառնալով վարակի վերաբերյալ միջազգային լրատվամիջոցներում տեղ գտնող գիտական հոդվածներին, գիտամսագրերում հետազոտություններին, ապացուցողական գիտության դաշտում հայտնի ու հեղինակավոր փորձագետների, բժիշկների ու գիտնականների կարծիքներ հրապարակելուն՝ Դանիելյանը նշեց, որ կորոնավիրուսով վարակված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ԶԼՄ-ն կարող է հրապարակել միայն պետական պաշտոնատար անձանցից կամ պետական աղբյուրից:

«Առհասարակ, տեղեկատվությունը չի կարող հրապարակվել նաև այն դեպքում, երբ կապված չէ կորոնավիրուսի հետ, սակայն կարող է անձանց մոտ խուճապ առաջացնել: Օրինակ՝ եթե անձինք նշեն, որ պարենային լուրջ խնդիր ունենք, նման տեղեկությունը կարող է խուճապ առաջացնել և, կարևոր չէ, որ լրատվականին է նման հղում արվում»,- եզրափակեց փոխնախարարը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում հաստատվել է վարակի 64 դեպք: Նրանցից մեկը բուժվել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---