Բժիշկ-վարակաբան․ Ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում

Բժիշկ-վարակաբան․ Ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում

PanARMENIAN.Net - Բժիշկ-վարակաբան Աշոտ Պապիկյանը, որը 13 օր է՝ չի տեսել իր ընտանիքի անդամներին, քանի որ շփվում է կորոնավիրուսով վարակվածների և վարակի կասկած ունեցողների հետ, ապշած է Երևանի փողոցներում տիրող աշխուժությունից՝ «բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել»։

Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ամբողջ անձնակազմը մեկուսացել ենք: Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս, քանի որ 24-ժամյա ռեժիմով ամբողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված, թե՛ կասկածվող հիվանդների հետ։ Քանի որ բժիշկ-վարակաբան եմ, և մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս և տվածս երդումը թույլ չի տալիս:

Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա/ բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել: Հիմա ինչի՞ չեք նստում տանը ...Եթե դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները, ու ոչ միայն տանը»,- ասվում է գրառման մեջ։

Բժիշկը գրում է, որ ոչ ոք ապահովագրված չէ հիվանդանալուց, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ են։

«Բժիշկներն էլ են ուզում տուն գնալ... Ու երբ մենք տանը նստենք, արդեն ձեզ համար ուշ կլինի... Հետո չասեք՝ եկեք գործի, մենք վատ ենք….»,- ասվում է գրառման մեջ։

Պապիկյանը հավելել է՝ «մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը՝ հանուն մեզ»։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194 է, որից 2-ն ապաքինվել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Ըստ նրա՝ ՔՊ-ն ու Փաշինյանը տասնապատիկ ավելի շատ վարկանիշ ունեն, քան ողջ ընդիմությունը
Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրային անվտանգությունը պահպանելու համար
«Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել