ԱԳՆ․ Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն իրենց մեքենաներով են ուզում ՀՀ հասնել՝ հրաժարվելով այլ լուծումից

ԱԳՆ․ Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն իրենց մեքենաներով են ուզում ՀՀ հասնել՝ հրաժարվելով այլ լուծումից

PanARMENIAN.Net - Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայում ՀՀ մոտ 35 քաղաքացի կա, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական մեքենաներով: Այդ մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ նրանք հրաժարվում են այլ լուծումներից։

Հայտարարության մեջ ասվում է, որ կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող մեքենաները հատուկ հատկացված կայանատեղիում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայում միակ տարբերակից՝ պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով:

Նշվում է, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո:

Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---