Գասպարյանին և Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՀ-ն 114 մլն դրամի վնաս է կրել

Գասպարյանին և Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՀ-ն 114 մլն դրամի վնաս է կրել

PanARMENIAN.Net - Բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 114 մլն դրամի վնաս, 64 մլն-ը վերադարձվել է, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով)։

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատժվում է ազատազրկմամբ` 5-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա), 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա:

Ըստ ՀՔԾ-ի՝ 1997-2011 թվականներին Գասպարյանի թույլտվությամբ՝ մի զորամասի 3 զինծառայող զորամաս հաճախելու փոխարեն փաստացի աշխատել են որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներ Լյովա և Ալեքսանդր Սարգսյանների վարորդ ու թիկնապահ, սակայն ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր 54 մլն դրամ, որից 21 մլն-ը դրամը` Վ. Գասպարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում:

2011-2018 թվականներին զբաղեցնելով ոստիկանապետի պաշտոնը` Գասպարյանը ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 մլն ու 10 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների։ Գասպարյանը 10 մլն-ի մեկ այլ անշարժ գույք էլ սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում աշխատած, սակայն բնակարան ստանալու իրավունք ձեռք բերելու համար ընդամենը 6 օրով ՀՀ ոստիկանության զորքերում գրանցված, իր դստեր համար պրոդյուսերական ծառայություններ մատուցած աշխատակցին:

Գասպարյանի դուստրը 2015-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն ծառայության չի ներկայացել, իսկ այդ մասին տեղյակ է եղել ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը, Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8.8 մլն ՀՀ դրամ:

Քրգործով պարզվել է նաև, որ Երանոսյանը ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանի խնդրանքով մարդ է ազատել պաշտոնից, որը որպես վարորդ սպասարկել է Վարդան Թունյանին` 2014-2018 թվականների համար ստանալով զորամասի դասակի հրամանատարի դրույքաչափով` ընդհանուր 7.9մլն ՀՀ դրամ աշխատավարձ։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2018 թվականների ընթացքում յուրացրել է 2.7 մլն դրամ արժողությամբ 7445 լիտր բենզին: Թունյանին և մյուս անձին ևս մեղադրանք է առաջադրվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---