Պատգամավոր Գորգիսյանը սեփական ցանկությամբ ինքնամեկուսացել է

Պատգամավոր Գորգիսյանը սեփական ցանկությամբ ինքնամեկուսացել է

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հունիսի 12-ին սրճել եմ ընկերոջս հետ, ով ամսի 20-ին տեղեկացրեց, որ իր մոտ դրսևորվել են կորոնավիրուսի սիմպտոմներ, իսկ ամսի 22-ին նա արդեն ստացավ թեստավորման դրական պատասխանը։

Ամսի 20-ից փորձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ և ճշտելու՝ արդյո՞ք այլ գործողության կարիք կա։ Ցավոք, բազմաթիվ փորձերի արդյունքում, այդպես էլ չկարողացա կապվել պարետատուն։ Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը (12+14=26)»,-ասվում է գրառման մեջ։

Պատգամավորը նշել է, որ ինքնազգացողությունը լավ է՝ չհաշված «ֆեյսբուքյան հարձակումների պատճառած թեթևակի նյարդային ապրումները»։

Նա նաև հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը և վիտամիններով հարուստ մրգեր օգտագործել։

Ազգային ժողովի կազմում այլ մեկուսացածներ և կորոնավիրուսով վարակվածներ ևս կան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վահե Էնֆիաջյանի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։ Վարակվել են նաև Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---