Իմքայլական ևս մեկ պատգամավոր է վարակվել

Իմքայլական ևս մեկ պատգամավոր է վարակվել

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Շաբաթ-կիրակի բարձր ջերմություն եմ ունեցել։ Աշխատանքային գրաֆիկը հաշվի առնելով՝ որոշեցի թեստ հանձնել, որպեսզի տանից դուրս գալով չվտանգեմ որևէ մեկի առողջությունը։ Հունիսի 29-ի երեկոյան պատասխանեցին, որ թեստը դրական է եղել. բացակայությունս պայմանավորված է դրանով։

Շատ են հարցնում վարակի հնարավոր աղբյուրի մասին, այս հարցին պատասխանել չեմ կարող։ Օգտվում եմ տաքսիներից, նախորդ շաբաթ մարզում եմ եղել, հանդիպում եմ ունեցել հատուկ կարիք ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ, խոսել եմ քաղաքացիների հետ. շփման շրջանակը մեծ է եղել։ Բայց արդեն դա չի էականը։ Հուսամ՝ ես որևէ մեկի համար առողջական խնդիր չեմ առաջացրել, չնայած ողջ ընթացքում եղել եմ դիմակով և ձեռնոցներով։ Հետևաբար, այս պահին այդ հարցին տալ կոնկրետ պատասխան չեմ կարող և, կարծում եմ, ոչ ոք չի կարող։ Մեծ խնդրանք բոլորին՝ պահպանեք վարակից խուսափելու բոլոր կանոնները և առողջ եղեք։ Ես չգիտեմ, թե ինքս որտեղ եմ սխալ թույլ տվել», - ասվում է գրառման մեջ։

Պատգամավորը հավելել է, որ իրեն վատ չի զգում, տաքություն չունի, ցավեր՝ նույնպես, որոշակի ծանրություն է զգում կոկորդում։ Այժմ նա ինքնամեկուսացած է։

Ազգային ժողովում կորոնավիրուսով այլվարակվածներ և մեկուսացածներ էլ կան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Իվետա Տոնոյանի և Արման Աբովյանի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։ Վարակվել են նաև «Իմ քայլը» խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանը, Արեն Մկրտչյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Գևորգյանը, Ծովինար Վարդանյանը, Կարեն Համբարձումյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---